Մեկնարկեց T-GREEN ծրագրի 4-րդ աշխատանքային փաթեթը

07.06.2024
Դիտումների քանակ՝ 724

2024 թվականի հունիսի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) «Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ կառավարման հանդիպումը։ Ներկա էին ծրագրի մասնակից համալսարանների համակարգողները և նախատեսվող կրթական ծրագրերի մշակման պատասխանատուները:

Հանդիպման նպատակը «Կանաչ մագիստրոսական ծրագրերի մշակում և ուսումնական ծրագրերի վերապրոֆիլավորում և փորձարկում» 4-րդ աշխատանքային փաթեթի (ԱՓ4) մեկնարկի ազդարարումն էր։ Նշված փաթեթի համակարգողը ՀՊՏՀ-ն է։

ՀՊՏՀ-ի կողմից ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց հանդիպման օրակարգը, ապա անդրադարձավ ԱՓ4-ի կառավարման սկզբունքներին, հիմնական նպատակներին ու ակնկալվող վերջնարդյունքներին։ Ներկանները քննարկեցին և համատեղ հաստատեցին փաթեթի իրականացման գործողությունների պլանը՝ մշակված ՀՊՏՀ-ի կողմից։

ՀՊՏՀ համակարգողը ներկաների ուշադրությունը հրավիրեց փաթեթի շրջանակում ակնկալվող երկու հիմնական արդյունքներին՝ միջազգային հենանիշավորման (բենչմարքինգի) համար համատեղ ձևաչափի ստեղծմանը և 3 միջոլորտային համատեղ կրթական ծրագրերի մշակմանը կամ առկա ծրագրերի վերապրոֆիլավորմանը։ Ներկանները քննարկեցին վերոնշյալ արդյունքներին հասնելու քայլերի հաջորդականությունը՝ առաջնորդվելով եռամսյակային գործողությունների պլանով։

Հանդիպման մասնակիցները հաստատեցին նաև կրթական ծրագրերի մշակման աշխատանքային խմբերը և կրթական ծրագրերի խորհրդի կազմը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել հունիսի 13-ին՝ կազմելու կրթական ծրագրերի միասնական ձևաչափի մշակման աշխատանքային խումբը և քննարկելու այդ ձևաչափի մշակման աշխատանքներին վերաբերող այլ հարցեր։

Հանդիպման վերջին հատվածում կրթական ծրագրերի մշակման պատասխանատուներն ունեցան առանձին քննարկումներ:

Հանդիպան ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկան T-GREEN ծրագրի համակարգող, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը և Ներսես Գևորգյանը։

Հիշեցնենք, որ ծրագրի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, ՃՇՀԱՀ-ը (համակարգող), «Եվրասիա» միջազգային համալսարանը (համահամակարգող), Երևանի պետական համալսարանը, ՀՊՏՀ-ն, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» ՀԿ-ները։

ԵՄ գործընկերներն են «Հելլենիկ» միջազգային համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարակված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները, և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար: