«Ես անվերապահորեն հավատում եմ երիտասարդությանը»․ Նարինե Խալաթյան

24.03.2023
Դիտումների քանակ՝ 1793

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Նարինե Խալաթյանի գիտամանկավարժական գործունեությունը Տնտեսագիտական համալսարանում սկսվել է 1995 թվականին․ դասավանդել է, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, ստացել դոցենտի կոչում։ Լավ մանկավարժ և լավ գիտնական դառնալու մղումն ուղեկցել է նրան մշտապես։

«Կարծում եմ՝ ինձ հաջողվել է դառնալ այն գիտնականը և դասախոսը, որի կարիքն ունի ուսանողը։ Ամեն անգամ, լսարանից դուրս գալով, զգում եմ մեծ բավականություն, որ այդ օրն էլ գիտելիք փոխանցեցի այն ուսանողին, որը դառնալու է մեր տնտեսությունը կառուցողը, մեր հայրենիքի ապագան կերտողը։ Ես անվերապահորեն հավատում եմ երիտասարդությանը՝ նրա ստեղծագործ մտքին, մասնագիտական կարողությանը և կամքի ուժին»։

2022 թ․ Նարինե Խալաթյանին վստահվեց բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը, որը կառավարչական ակնառու հմտությունների տիրապետող գիտնականի համար դարձավ գործունեության մի նոր ուղղություն՝ պարտավորեցնող և պատասխանատու։ Ամբիոնում աշխատում են դոցենտներ, գիտության թեկնածուներ, որոնցից շատերը միաժամանակ պաշտոնավարում են պետական կառավարման համակարգում․ «Ամբիոնի ռազմավարական հնգամյա ծրագիրը բխում է ՀՊՏՀ ռազմավարական ծրագրի տեսլականից՝ ներառելով գրքաստեղծման աշխատանքներ, մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրում, դասախոսությունների փաթեթների հրատարակումներ, մասնագիտական վերապատրաստումներ։ Այս ամենն արդյունավետորեն իրագործվում է՝ շնորհիվ ամբիոնում ձևավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի»։

Գիտնականը հետաքրքրությունների լայն շրջանակ ունի՝ տնտեսագիտության և ճգնաժամերի տեսություն, տնտեսական ուսմունքների պատմություն, անցումային, գլոբալ և ինստիտուցիոնալ տնտեսագիտություն և այլն։ Յուրաքանչյուր ոլորտում փորձում է ներդնել առավելագույնը և նոր գիտական խոսք ասել։

Նարինե Խալաթյանը համոզված է՝ եթե դասախոսն իր գործունեության մեջ տարանջատում է գիտություն, կրթություն, մանկավարժություն փոխկապակցված հասկացությունները, ապա նշանակում է՝ նրա աշխատանքը լիարժեք և ամբողջական չէ․ «Լավ գիտնական, լավ մանկավարժ և լավ հոգեբան պետք է լինի դասախոսը, քանի որ նրա առաքելությունը երիտասարդությանը ոչ միայն կրթելն է, մասնագիտական գիտելիք ու կարողություն փոխանցելը, այլև կենսունակ և նպատակասլաց քաղաքացի դաստիարակելը»։

Նարինե Խալաթյանն անչափ զգայուն և նրբանկատ է ժամանակակից հայ կնոջ առջև ծառացած խնդիրների, հոգևոր ու բարոյական պահանջմունքների հանդեպ։ Լինելով երեք հրաշագեղ դուստրերի մայր՝ նա կարևորում է հասարակության մեջ կրթված, նպատակասլաց ու կայացած կնոջ դերակատարությունը, միաժամանակ՝ ավանդական ընտանեկան արժեքների պահպանումը, զավակների կրթության ու դաստիարակության հարցերը և աշխատում է իր հրաշալի օրինակը ծառայեցնել շրջապատին։