ՀՊՏՀ ուսանողները կմասնակցեն մարքեթինգային նոր նախագծերի․ խոստանում է IMR ընկերությունը
Մարքեթինգային հետազոտություններով զբաղվող IMR ընկերությունը վերջին շրջանում բաց դասերով է հանդես գալիս ՀՊՏՀ «Մարքեթինգ» մասնագիտության ուսանողների համար։ Վերջիններիս մասին իր դրական կարծիքն ընկերության տնօրեն Պետրոս Պետոյանն այսօր ներկայացրեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին։ Հանդիպման նպատակը հուշագրի ստորագրմամբ արդեն իսկ ձևավորված համագործակցությունն ամրապնդելն էր։ Ընկերությունը ներկայացնում էին փոխտնօրեն, զարգացման գծով տնօրեն Գայանե Բախշյանը, քանակական հետազոտության բաժնի ղեկավար Լիլիթ Շաքարյանը, մենթոր Աննա Ասլանյանը, ՀՊՏՀ-ն՝ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը, կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը։
Ռեկտոր Դիանա Գալոյանը, անդրադառնալով բուհի կրթական ծրագրերին, կանգ առավ «Մարքեթինգ» մասնագիտության վրա, ընդգծեց՝ ընդունելության վերջին երկու տարվա արդյունքները փաստում են, որ մեր բուհի տվյալ մասնագիտությունը մեծ պահանջարկ է վայելում դիմորդների շրջանում, և գործատուների կողմից նման կադրերի պահանջարկը ևս մեծ է։ Նա վերահաստատեց համալսարանի ղեկավարության պատրաստակամությունը՝ համագործակցության բոլոր ձևաչափերով նպաստելու ուսանողների հմտությունների զարգացմանն ու կարիերայի աճին։
IMR ընկերության տնօրենն ասաց, որ, արդեն 16 տարի լինելով ոլորտում, մի բանում հստակ համոզվել են՝ լավագույն աշխատակիցները ակադեմիական գիտելիքներով և պրակտիկ հմտություններով օժտվածներն են, ուստի իրենք էլ բուհ են եկել հենց այս նպատակով՝ իրենց փորձով աջակցելու ՀՊՏՀ ուսանողին։
Հանդիպումից հետո ընկերության ներկայացուցիչները հերթական բաց դասը վարեցին «Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների համար՝ ներկայացնելով կազմակերպության անցած ուղին, կարիերայի աճի հնարավորությունները։
Ինչպես մեզ հետ զրույցում նկատեց Գայանե Բախշյանը, նախորդ հանդիպումները խոստումնալից են եղել, ավելին՝ ընկերությունում համոզվել են, որ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում բանիմաց և մրցունակ ուսանողների պակաս չկա․ «Նախորդ երկու վարպետության դասերի ընթացքում մեզ համար ակնհայտ դարձավ, որ մասնագիտական տեսական գիտելիքով օժտված ուսանողը հաճախ չի պատկերացնում, թե ինչպես կարող է այդ գիտելիքը կիրառել գործնականում կամ ներգրավվել մասնագիտական աշխատանքում։ Եվ ամեն հաջորդ վարպետության դասին մենք ավելի ենք ընդգծում մասնագիտական ասպարեզին ինտեգրվելու, այս ուղով շարունակելու հնարավորությունները»։
Գայանե Բախշյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ՀՊՏՀ ուսանողները ընկերությունում կհյուրընկալվեն արդեն որոշակի նախագծերի շրջանակում։