Մեկնարկել են ՀՊՏՀ դասախոսների վերապատրաստման դասընթացները

Դիտումների քանակ՝ 1385

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկել է մեր դասախոսների 2015-2016 ուստարվա վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը (առաջին փուլը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին էր): Դասընթացներն անցկացվելու են մեկ ամիս, երեք ուղղությամբ՝ տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելների յուրացում և կիրառում, ֆինանսական հաշվառում, վերլուծություն և աուդիտ, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործում և տիրապետում:  Դասընթացները կազմակերպվում են ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի աջակցությամբ: Հիշեցնենք, որ մեր բուհի կանոնադրության 63-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր 5 տարին մեկ, բուհի դասախոսներն անցնում են վերապատրաստում: Ըստ կարգի, ամբիոնները  ներկայացնում են  վերապատրաստման ենթակա դասախոսներին: Այս փուլում կվերապատրաստվի 108 դասախոս՝ մի քանի խմբերով:

Դասընթացների մեկնարկին այսօր ներկա էին շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի պետ Աիդա Առուստամյանը,նույն կենտրոնի առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ  Աիդա Առուստամյանը՝ նշելով, որ բուհական կրթության որակի ապահովման գործում կարևորվում է շարունակական կրթությունը, որի բաղադրիչ է  դասախոսների վերապատրաստումը: Նա պարզաբանեց նաև մի շարք կազմակերպական հարցեր:

Նշենք, որ դասախոսների վերապատրաստումը կտևի 1 ամիս՝ մարտի 15-ից ապրիլի 15-ը: Դասընթացների ավարտին մասնակիցները պետք է հանձնեն ստուգարքներ, որից հետո կստանան հավաստագրեր:

«Կրթական շուկայի մրցակցային պայմաններում այսօր կարևորվում է բուհական կրթական համակարգում որակի բարձրացման գործիքակազմը, այն պահանջում է անընդհատ վերանայում, բարեփոխումներ, թարմացումներ, որոնք նպաստում են կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Աիդա Առուստամյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին