Տոնում ենք Հայաստանի անկախության 24-ամյակը

Դիտումների քանակ՝ 1573

Համայն հայությունն այսօր տոնում է Հայաստանի երրորդ Հանրապետության  անկախության օրը: Անկախ Հայաստանի Հանրապետությունը  24 տարեկան է:

1990թ. Անկախության հռչակագրից հետո, ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեում իր վստահ «այո»-ն ասելով` միասնաբար ընտրեց անկախության ճանապարհը: Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները,  Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Մեր ժողովրդի պատմությունն այսպիսով թևակոխեց նոր ժամանակաշրջան:

Սեպտեմբերի 21-ը ամեն  հայի հոգում ու մտքում ամրագրված է իբրև մի գեղեցիկ տոն, որը վերստին արժևորում է անկախության գաղափարը, մեզ համակում հայրենիքն անմնացորդ սիրելու, շենացնելու, պահպանելու եռանդով:  

Թո′ղ անկախ Հայաստանի բոլոր առավոտները խաղաղ բացվեն, թո′ղ հայրենիքի  կապույտ երկնի տակ հավերժ փողփողա հայոց եռագույնը, ապրի, զորանա ստեղծագործ հայը:

Հա′յ ժողովուրդ, շնորհավոր Անկախության տոնդ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին