ՀՀ պաշտպանության նախարարը՝ ՀՊՏՀ-ում. կգործի նորաբաց հրաձգարանը

Դիտումների քանակ՝ 1452

ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին ընդառաջ՝ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բուհում էր նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ ՊՆ, ՀՊՏՀ ղեկավարության և ՀԵՀ աջակցությամբ համալսարանում բացվեց հրաձգարան, և բացումը կատարեցին պաշտպանության նախարարն ու համալսարանի ռեկտորը: Այնուհետև նախարար Սեյրան Օհանյանը, ռեկտոր Կորյուն Աթոյանը և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նորաբաց հրաձգարանում նշանառեցին ու խոցեցին թիրախը: ՀՊՏՀ մեծ դահլիճում կայացավ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հանդիպումը նախարարի հետ:

Հյուրերին և ներկաներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

«Հարգարժան նախարար, հյուրեր, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր գործունեության ուղենիշն է, այդ գործում իր մեծ ներդրումն ունի նաև մեր համալսարանի ուսանողական խորհուրդը և, ինչպես գիտեք, բազմաթիվ միջոցառումներով՝ այցերով զորամասեր  ու շնորհանդեսներով, հերոսների անվան լսարանների բացումով ու նոր հրատարակություններով, ցերեկույթներով ու հանդիպումներով  արտահայտում է իր նվիրվածությունն ու անձնվեր մասնակցությունն այդ գործին:

Այսօրվա իրադարձությունը ասվածի վկայությունն է. ՀՊՏՀ-ում նորաբաց հրաձգարանը ուսանող-բանակ կապի ամրապնդման մի նոր օղակ կհանդիսանա, և ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության ամբիոնն իր ավանդը կունենա մեր երիտասարդությանը նաև այս հմտությամբ օժտելու գործում», - ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ նման հանդիպումները մշտապես սնում են մարդկային ամենավսեմ զգացումը՝ հայրենիքի հանդեպ սերը, և համալսարանն իր առջև նպատակ ունի կրթել ու մեծ կյանք ճանապարհել գրագետ, ազնիվ, ազգային արժանապատվությամբ օժտված սերունդ: Ռեկտորի ամբողջական ելույթը կարդացեք այստեղ:

ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը, ողջունելով նախարարին և ներկաներին, շնորհակալություն հայտնեց այն մշտական օժանդակության համար, որ ՀՀ ՊՆ-ն տրամադրում է, և այս անգամ էլ արտահայտվեց հրաձգարան ստեղծելու գաղափարը խրախուսելով և անմիջական օժանդակությամբ:

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հանդիսականների ուշադրությանը ներկայացրեց ՈւԽ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի մեկամյա գործունեությանը նվիրված ֆիլմաշար, որտեղ ընդգրկված էր «Առաջնագծի սահմանին: 3 օր զինվորական կյանքով» հատվածը: Հնչեց ուսանողներ Սերգեյ Խալաթյանի (այժմ՝ ժամկետային զինծառայող) և Հասմիկ Մակարյանի  հեղինակած «Երգ հայրենասերին»:

Բեմահարթակ հրավիրվեց պաշտպանության նախարարը և ՊՆ ողջ անձնակազմի ու իր անունից շնորհավորեց Անկախության 24-րդ տարեդարձը:

«Ես կարևորում եմ անկախության, ազատության գինը և կարևորում հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ մեր համատեղ գործունեությունը, որը մեր ժողովրդին տարավ այն ուղով, որով ինքը ցանկանում էր գնալ՝ դեպի ազատություն, դեպի անկախություն, ազատ արարում, որն էլ կապահովի մեր ժողովրդի և մեր հայրենիքի հետագա զարգացումը», - ասաց նախարարը՝ հավելելով, որ իր և իր աշխատակազմի այցելությունը ինքնանպատակ չէ. այն առաջին հերթին պաշպանական քաղաքականության բոլոր տարրերի ուղղությամբ համապատասխան զարգացում ապահովելու համար է:

Իր խոսքում նախարարն անդրադարձավ ԶՈւ գործունեությանը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորությանը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկրի ներուժը նրա տնտեսությունն է, բանակը և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին, և վերջինիս ամրապնդման համար իրենց կառույցը դպրոցների և բուհերի հետ համատեղ ձեռնարկում է բազմաթիվ միջոցառումներ: Նախարարն անդրադարձավ նաև «Շանթ-2015» ռազմական  հրամանատարաշտաբային  զորավարժությանը (սեպտեմբերի 3-6-ը)՝ նշելով, որ խաղաղ ապրելու համար պետք է պատրաստ լինել պատերազմի: Պաշտպանության նախարարն ընդգծեց բանակ-հասարակություն կապի ամրապնդման կարևորությունը և ողջունեց ուսանողների ռազմահայրենասիրական բոլոր նախաձեռնությունները:

Կրկին շնորհավորելով ՀՊՏՀ հրաձգարանի բացումը՝ նախարարը պատրաստակամորեն պատասխանեց ուսանողների հարցերին ապա ուսանողության ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման և Անկախության տոնի առիթով պարգևներ հանձնեց Տնտեսագիտական համալսարանում ակտիվ գործունեություն ծավալող ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսներին: Նախարարի հրամանով  պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող ՀՊՏՀ 2 ուսանող՝ Գոռ Մելիք-Սահակյանը և Ռաֆայել Վարդանյանը ստացան խրախուսական արձակուրդ:

Ի նշան համագործակցության՝ Սեյրան Օհանյանը և Կորյուն Աթոյանը միմյանց հանձնեցին խորհրդանշական հուշանվերեր:

ՀՊՏՀ բակում նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժի