Սարգիս Հայրապետյանի 70-ամյա հոբելյանի առիթով. շնորհավորանքներ կոլեկտիվից և բուհի ղեկավարից

Դիտումների քանակ՝ 1386

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սարգիս Հայրապետյանն օրերս բոլորեց 70-ամյակը: Հոբելյանի առիթով այսօր կայացած ռեկտորատի նիստում Սարգիս Հայրապետյանին ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, արհկոմիտեի, ուսանողների և աշխատակիցների անունից ջերմորեն շնորհավորեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

«Դուք մեր բուհի սիրված դասախոսներից եք, լավ գործընկերներից: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ առողջություն, երկար համատեղ աշխատանք մեր կոլեկտիվում»,- ասաց Կորյուն Աթոյանը՝ հոբելյարին հանձնելով շնորհավորական ուղերձ և հուշանվեր:

Իր խոսքում Սարգիս Հայրապետյանը հիշեց, որ համալսարանի ստեղծման պահին՝ 40 տարի առաջ, երբ իրեն գործուղեցին տնտեսագիտական համալսարան, ինքն այնքան էլ ոգևորված չէր: «Բայց, բարեբախտաբար, մենք այստեղ գտանք լավ կոլեկտիվ, լավ ռեկտորներ, լավ ամբիոնի վարիչներ, և բարենպաստ պայմաններ աշխատանքի համար: Ահա այս մթնոլորտում մենք աշխատեցինք 40 տարի»,- ասաց Սարգիս Հայրապետյանը՝ հավելելով, որ հատկապես իրենց ամբիոնը բարենպաստ պայմաններ է ստեղծել մասնագիտական առաջընթացի համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարին՝ աշխատակիցների հոբելյաններն ուշադրության արժանացնելու բուհում ստեղծված բարի ավանդույթը պահպանելու համար:

Սարգիս Հայրապետյանին ուղղված ուղերձում Կորյուն Աթոյանը մասնավորապես նշել է. «Յոթ տասնամյակը պատկառելի հասակ է, և թույլ տվեք հավաստիացնել, որ պատկառելի է նաև Ձեր ավանդը սերունդների կրթության ու դաստիարակության գործում: Մենք ճանաչում ենք Ձեզ երկար ժամանակ, միայն մեր համալսարանում 4 տասնամյակ Դուք կերտել եք գիտամանկավարժական գործունեության հարուստ ու արժանահիշատակ կենսագրություն, որում երևան է եկել բանիմաց դասախոսը, հմուտ մանկավարժը, խորահայաց իմաստասերը, հայրենասեր հայը: Ձեր աշխատանքի ոճը և ուսումնական գործին ողջ էությամբ նվիրվելը հաճելի են դարձրել աշխատանքը Ձեր գործընկերությամբ»:

Սարգիս Հայրապետյանին ուղղված շնորհավորանքի խոսք է ստացվել նաև փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնից: Շնորհավորական ուղերձում գործընկերներն անդրադառնում են Սարգիս Հայրապետյանի կենսագրության կարևոր դրվագներին, ներկայացնում նրա մասնագիտական հաջողությունները, գիտական, մանկավարժական գործունեությունը:

«Համատեղ աշխատանքի երկար տարիների ընթացքում համոզվել ենք, որ Սարգիս Հայրապետյան մարդու ամենաբնորոշ գիծը,  թերևս, նվիրված անձնավորություն լինելն է՝ նվիրված, հոգատար, սիրող ամուսին է, հայր է, գորովագութ պապիկ է, լավ ընկեր: Սերն ու հոգատարությունն իր մերձավորների նկատմամբ նմանվում է անանձնական երջանկության՝ բավարարված և երջանիկ է, երբ իր շրջապատում ամեն ինչ բարվոք վիճակում է:

Մեր սիրելի  գործընկերոջ, ճշմարիտ մտավորականի և մարդկային բարձր նկարագրի տեր անձնավորության  համար այս հոբելյանը պարզապես առիթ  է կատարածը հանրագումարի բերելու, անցածն իմաստավորելու և աշխատանքի նոր բնագծեր կանխորոշելու համար»,- նշել են ամբիոնի գործընկերները:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթանքի խոսքերին՝ հարգարժան Սարգիս Հայրապետյանին մաղթելով առողջություն, ուժ և կորով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին