Քննարկվել են «Արարատ» ծրագրի 2015թ. գործողությունները
ԵՄ Տեմպուսի «Համալսարան-գործատու հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ն, որպես ծրագրի համակարգող, 2014թ. դեկտեմբերի 29-ին նախաձեռնել էր տեղական հանդիպում, որտեղ քննարկվել են . ծրագրի շրջանակում 2014թ. իրականացված գործողությունները և հետագա գործողությունները 2015թ-ին: Հանդիպմանը մասնակցել են ծրագրում ներգրավված հայաստանյան բուհերի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում են ծրագրի համակարգողները, հանդիպման մեկնարկին ծրագրի կառավարման խմբի անդամները ներկայացրել են հանդիպման նպատակը և քննարկվող թեմաները, կատարված գործողություններն ու ձեռքբերումները: Քննարկվել են ոլորտային որակավորումների շրջանակների մշակման նպատակով հարցումների անցկացման մեթոդաբանական և կազմակերպական հարցերը: Պլանավորվել է ևս մեկ հանդիպում կազմակերպել համալսարան-աշխատաշուկա համագործակցության բաժինների աշխատակիցների հետ՝ հարցումների մեկնարկին ընդառաջ:
Հանդիպման ավարտին քննարկվել են ծրագրի հետագա գործողությունները, դրանց կատարման վերջնաժամկետները, ինչպես նաև պլանավորվել են 2015թ. առաջին կիսամյակում նախատեսվող քայլերը:
Հիշեցնենք, որ «Արարատ» ծրագրի շրջանակներում մշակվել են հարցաթերթեր շահակիցների չորս խմբերի կրթական կարիքների բացահայտման համար, ինչպես նաև մշակվել է տվյալների բազա, որում հավաքագրվելու են
հարցման արդյունքները: 2015թ. փետրվարից կմեկնարկի տվյալների հավաքագրումը, որի արդյունքների վերլուծության հիման վրա կմշակվեն որակավորումների ոլորտային շրջանակները (բնութագրիչները) կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության (մանկավարժության) ոլորտների համար:
Ծրագրի մասին մանրամասները կարող եք գտնել հետևյալ հղումով՝ www.ararattempus.org:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին