Տեմպուսի ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ականները մասնակցել են դասընթացների Լիսաբոնում և Բարսելոնայում

Դիտումների քանակ՝ 1426

2014 հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Լիսաբոնում (Պորտուգալիա) և 2014թ. նոյեմբերի 17-21-ը Բարսելոնայում (Իսպանիա) Եվրոպական Միության Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» (PEOPLE) ծրագրի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ, որոնց մասնակցել են համալսարանի անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցներ Գոհար Սարգսյանը և Գոհար Ներկարարյանը, ինչպես նաև որակի ապահովման բաժնի պետ, համատեղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ներսես Գևորգյանը:

Ինչպես հայտնում են ծրագրին մասնակցած մեր գործընկերները, PEOPLE ծրագրի նպատակն է ամրապնդել և հստակեցնել ոլորտի աշխատակիցների լիազորությունների շրջանակը՝ զարգացնելով մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերից և կիրականացվի համալսարանական կոնսորցիումների միջոցով՝ ընդգրկելով ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ Հայաստանի, Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի համալսարաններ և կրթական կազմակերպություններ:

Ծրագրի շրջանակներում Տնտեսագիտական համալսարանի անձնակազմի կառավարման բաժինը 08.07.2014թվականին իրականացրել է ինքնավերլուծություն, որի նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների և ընթացակարգերի ուսումնասիրությունն էր, ուժեղ և թույլ կողմերի հայտնաբերումը:

Վերապատրաստման դասընթացների վերջում մասնակիցներին հանձնվել են վկայականներ:

Ծրագիրը շարունակական է, առաջիկայում նախատեսվում են վերապատրաստման նոր դասընթացներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին