Հոբելյան ԵՊՀ-ում. մասնակցել են նաև ՀՊՏՀ-ականները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ

Դիտումների քանակ՝ 1215

Երևանի պետական համալսարանում այսօր տոնական տրամադրություն էր. հանդիսավորությամբ նշվեցին տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 80 և վերաբացման 30 ամյակները, որին ներկա էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, կրթության և գիտության բնագավառի ներկայացուցիչներ, համալսարանների ղեկավարներ: Հանդիսավոր նիստին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ մասնակցում էին նաև մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:

Ֆակուլտետի ստեղծման պատմությանը, ձեռքբերումներին, ներկա գործունեությանն անդրադարձան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, շնորհավորանքի խոսքեր հնչեցրին պետական այրեր՝ նրանց թվում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Տեղի ունեցավ նաև պարգևատրումների արարողություն:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հոբելյանի առիթով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության անունից ջերմ շնորհավորանքներ հնչեցրեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ մասնավորապես նշելով. «Բարձրագույն կրթության հայաստանյան մայր բուհը հերթական հոբելյանն է նշում, և վերստին առիթ է ներկայանում բարձր հարթակից հնչեցնելու նրա հասցեին գնահատանքի ու երախտագիտության խոսքեր, հպարտությամբ հաստատագրելու, որ շուրջ մեկդարյա գոյության ու գործունեության ոլորաններում այն մշտապես պատվով է իրականացրել սերունդներին համալսարանական կրթություն տալու իր բարձր առաքելությունը: Պատիվ ունեմ այս մասին հավաստելու որպես համալսարանական: Հետևաբար այսօրվա տոնակատարությունն ինձ համար անձնական է ու սրտամոտ, քանզի առնչվում է ինձ՝ ոչ միայն որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, այլև համալսարանականի, ով տակավին երիտասարդ ոտք է դրել այս կրթօջախ, ուսանել հենց տնտեսագիտական ֆակուլտետում, առնչվել համալսարանական մեծանուն տնտեսագետների հետ, մասնագիտական ու մարդկային դասեր քաղել նրանցից և իր վրա կրել այս ոգեղեն մթնոլորտի ու նրա նվիրյալների բարերար ազդեցությունը»:

Կորյուն Աթոյանը ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին հանձնեց շնորհավորական ուղերձ և հուշանվեր՝ ֆակուլտետին մաղթելով հետագա հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին