Ամփոփվեց «Հայացք ապագային-2014» խորագրով ցուցահանդեսը. մասնակցել է նաև ՀՊՏՀ-ն

Դիտումների քանակ՝ 1057

Ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին, ամփոփվել են ԵՊՀ-ում անցկացված «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների երկօրյա ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը,  ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ովքեր ծանոթացել են երիտասարդական կազմակերպությունների ծրագրերին, գործունեությանը, հաջողություններին:

«Հայացք ապագային-2014» ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում: Հիմնադրամի պաշտոնական կայքի համաձայն՝ առանձին տաղավարներով երկու օր շարունակ իրենց աշխատանքներն են  ներկայացրել  շուրջ 70 երիտասարդական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, ուսանողական կառույցներ և այլ կազմակերպություններ։ Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարելու է դրամաշնորհի մրցույթ։

ՀՊՏՀ ուսանողներն իրենց տաղավարում ներկայացրել են ուսանողական խորհրդի ձեռքբերումները, մրցանակները: Տաղավարը  բաղկացած է եղել  2 հիմնական բաժիններից. առաջին մասում ներկայացվել են ուսանողական խորհրդի գործունեությունը, աշխատանքը և առաքելությունը, իսկ 2-րդ բաժինը նվիրված է եղել ՈւԽ տարբեր տարիներին ունեցած նվաճումներին, ցուցադրվել են գավաթներ, մրցանակներ և այլ ձեռքբերումներ:

«Ցուցահանդեսին մեր տաղավարի հանդեպ մեծ հետաքրքրություն կար, մեծ քանակությամբ այցելուներ ենք ունեցել, շատ լավ ներկայացրել ենք մեր համալսարանը, մեր ձեռքբերումները: Ցուցահանդեսը բուհերի համար, այսպես ասած, մրցութային չէր, պարզապես լավ առիթ էր՝ ներկայացնելու բուհը»,- մեզ հետ զրույցում իր տպավորությունները ներկայացրեց ՀՊՏՀ ասպիրանտ, ՈՒԽ անդամ Հայկ Բեջանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին