Լույս է տեսել «Տնտեսագետի» աշնանային համարը

Դիտումների քանակ՝ 1118

Լույս է տեսել «Տնտեսագետի» նոր՝ սեպտեմբեր-հոկտեմբերյան համարը, որը, սիրելի ընթերցողներ, ձեզ խոստանում է հարուստ լրատվական նյութ, ինչպես նաև մասնագիտական ու մշակութային հետաքրքրական հոդվածներ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարին դիմավորեց շուքով ու բարձր տրամադրությամբ՝ Գիտելիքի օր, նորամուտ, նոր նախագծեր և այս շարքում՝ գլխավորը՝ Բրիտանական բիզնես դպրոցի հիմնադրում և գործունեության մեկնարկ. այս մասին՝ հանգամանորեն սույն թողարկման մեջ:

Համալսարանական իրադարձություններին հակիրճ անդրադարձը՝ «Լուսանկարային լրաշարքը», այս անգամ առավել  ծավալուն է, քանի որ ընդգրկում է ընդարձակ ժամանակահատված՝ հուլիսից հոկտեմբեր:

Ամսագրի այս թողարկումը ձեզ մանրամասնորեն կներկայացնի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում ծավալվող աշխատանքները, արդյունքները, ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստերի որոշումները:

Տնտեսական հետաքրքրական նորություններ ու շատ գրավիչ ժամանցային անակնկալ է տեղ գտել բազմաբովանդակ «Տնտեսական խճանկարում»:

«Վերծանելով արվեստի գաղտնագրերը», «Հայրենիքը սկսվում է բնությունից», «Մեր շնորհալիները», «Համաշխարհային բրենդ».  այս խորագրերը կրկին ձեր ուշադրությանը կներկայացնեն ճանաչողական հարուստ նյութ:

«Տնտեսագետի» նոր համարի մասին` այսքանը, ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները` դիմելով դեկանատներ ու ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) առկա է նաև ամսագրի էլեկտրոնային տարբերակը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին