Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողները հյուրընկալվեցին ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2069

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ու ավագ և միջնակարգ  դպրոցների և քոլեջների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում այսօր մեր բուհում հյուրընկալվեցին Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողները և դասախոսներ Նուրիսա Բեժանյանն ու Ծաղիկ Գրիգորյանը: ՀՊՏՀ զոհված ազատամարտիկների անվան լսարանում բուհի ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ, կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Կարապետյանը հյուրերին ներկայացրեց  ուսխորհրդի գործունեությունը, կառուցվածքը և այլն, ապա խոսեց  ֆակուլտետների, մասնագիտությունների, ուսումնառության գործընթացին առնչվող հարցերի մասին:

Դպրոցների, քոլեջների հետ համալսարանի համագործակցությունը համակարգող Լուսինե Կարագուլյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ փոխգործակցության շրջանակներում ՀՊՏՀ ներկայացուցիչները նոյեմբերի 8-ին հյուրընկալվել էին Պռոշյանի միջնակարգ դպրոցում, աշակերտներին ներկայացրել են մեր բուհը, կրթական ծրագրերը և բուհի մասին այլ տեղեկություններ:

«Առաջիկայում նախատեսում ենք  մեր բուհում դասախոսություն՝ աշակերտների և քոլեջի ուսանողների համար»,-հավելեց Լուսինե Կարագուլյանը:

ՀՊՏՀ լրատվության բաժինը զրուցեց քոլեջի ուսանողների հետ, ովքեր կարևորեցին նմանատիպ այցելությունները:  «Այս հանդիպումների միջոցով ես ձեռք եմ բերում տեղեկություններ ՀՊՏՀ-ի մասին և ցանկանում եմ կրթությունս շարունակել հենց այս բուհում»,-ասաց ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողուհի Տաթև Նազարյանը:

Հանդիպման ավարտին  քոլեջի ուսանողները շրջայց կատարեցին ՀՊՏՀ բակով, ֆակուլտետներով, մասնաշենքերով: ՀՊՏՀ ապագա ուսանողները բավականին տպավորված էին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին