ՀՊՏՀ-ն հյուրընկալեց արցախցի ուսանողների (լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 1967

Հայաստանի պետական տնտեսագիտական և Արցախի պետական համալսարանների միջև կնքված համագործակցության պայմանագիրը, որը նախատեսում է ուսումնական, գիտական, նյութատեխնիկական օժանդակություն, ՀՀ-ում և ԼՂՀ-ում համատեղ ուսանողական ճամբարների և ամառային դպրոցների, ուսանողական գիտաժողովների, առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադաների կազմակերպում, խորհրդատվության տրամադրում և այլ, հետզհետե ավելի կենսունակ է դառնում: Արցախի պետական համալսարանում մեր դասախոսների արտագնա դասախոսություններին զուգահեռ ՀՊՏՀ-ում հյուրընկալվում են արցախցի ուսանողներ:

Այսօր հերթական խումբն այցելեց՝ մեր համալսարանին ծանոթանալու և դասախոսություններին մասնակցելու համար: Ուսանողներին համալսարանի մուտքի մոտ դիմավորեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Միխաիլ Կարապետյանը, ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունեց ուսանողներին և նշեց, որ ՀՊՏՀ դռները միշտ բաց են Արցախի պետական համալսարանի թե՛ուսանողների, թե դասախոսների առաջ: Ռեկտորը զրուցեց ուսանողների հետ, առաջարկեց ծանոթանալ ՀՊՏՀ-ին:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ ուսանողների այս այցը կարելի է համարել ոչ ավանդական ուսումնառություն և նրանց կծանոթացնեն բուհի ենթակառուցվածքներին, քննական համակարգին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնին, ուսումնական գործընթացին: Դեկան Վահե Միքայելյանը ուսանողներին հրավիրեց ֆինանսական ֆակուլտետ, որտեղ ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Կարինե Միքայելյանը ուսանողներին ներկայացրեց ֆակուլտետում դասավանդվող առարկայացանկը, ծանոթացրեց ուսումնական նրբություններին:

Նշենք, որ Արցախից ժամանած ուսանողները, որ մեզ մոտ կլինեն 3 օր, ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսից են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին