ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Մեծ Բրիտանիայի համալսարանների MBA ծրագրի ներկայացուցչի հետ

Դիտումների քանակ՝ 1610

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնում այսօր  ուսանողները հանդիպեցին Մեծ Բրիտանիայի հետևյալ համալսարանների՝ Չեստերի համալսարան (University of Chester), Անգլիա Ռուսկին համալսարան (Anglia Ruskin University), Լոնդոնի Կոմերցիայի դպրոց (London School of Commerce), Լոնդոնի Բիզնեսի և իրավագիտության դպրոց (London School of Business and Law), Քարդիֆի Մետրոպոլիտան համալսարան (Cardiff Metropolitan University) բիզնես վարչարարության (MBA) մագիստրոսի կրթական ծրագրի ներկայացուցիչ Լիլյա Հովհաննիսյանին, որը հերթական անգամ հյուրընկալվել էր ՀՊՏՀ-ում:

Նշենք, որ ՀՊՏՀ բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները և շրջանավարտները բացառիկ հնարավորություն ունեն՝ դիմելու բիզնես վարչարարության մագիստրոսի կրթական ծրագրին Մեծ Բրիտանիայի վերոնշյալ  համալսարաններում:

Լիլյա Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացրեց նշված համալսարանների բիզնես վարչարարության (MBA) մագիստրոսի կրթական ծրագրի  հետ կապված բոլոր մանրամասները՝ ընդունելության կարգը, ուսումնառության ընթացքի մասին մանրամասներ և այլն: Ներկայացուցչի  փոխանցմամբ՝ MBA ծրագրին դիմելու համար պետք է հանձնել TOEFL IBT  (անցողիկ շեմը՝ 90 միավոր) կամ  IELTS  (անցողիկ շեմը՝ 6.5միավոր),  և այդ արդյունքները, համապատասխան փաստաթղթերի հետ, ներկայացնել արտաքին կապերի բաժին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լիլյա Հովհաննիսյանը նշեց, որ հատուկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար գործում են գնային  արտոնյալ պայմաններ:

«Փաստաթղթերի փաթեթը ներառում է դիպլոմի պատճեն (միջուկով), TOEFL IBT  կամ IELTS ծրագրերի  արդյունքները, երաշխավորագրեր՝ համալսարանից և գործատուից (եթե ուսանողն ունի աշխատանքային փորձ)», -նշեց նա:

Հանդիպման ընթացքում ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

MBA ծրագրին դիմելու հետ կապված բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին կամ գրել Լ. Հովհաննիսյանին՝ հետևյալ էլ հասցեով՝ lilya.hovhannisyan@lsclondon.co.uk :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին