ՀՊՏՀ հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետի ուսանողները ստացել են վկայականներ

Դիտումների քանակ՝ 1423

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները «Հայկական ծրագրեր» կազմակերպության կողմից երեկ  ստացել են վկայականներ՝ հաշվապահական դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց հաշվապահական հաշվառման  և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, «Հայկական ծրագրեր» կազմակերպության ներկայացուցիչները հաճախակի են այցելում ՀՊՏՀ. նպատակը, մասնավորապես, ավարտական կուրսերի ուսանողների հետ համագործակցությունն է: «Հերթական այցերից մեկի  ընթացքում 4-րդ կուրսերի ուսանողներին առաջարկվեց մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող հաշվապահական դասընթացներին: Այն ուսանողները, ովքեր  տրամադրել  են իրենց ինքնակենսագրականները և հաջողությամբ հաղթահարել հարցազրույցը, մասնակցել են դասընթացին (անվճար) և այն ավարտելուց հետո արժանացել վկայականների»,-ասաց դեկանը:

Նշենք, որ դասընթացին մասնակցել են վերոնշյալ ֆակուլտետի 27 ուսանողներ: Աշոտ Մաթևոսյանի փոխանցմամբ՝ նմանատիպ նախաձեռնությունները ողջունելի են, քանի որ աշխուժացնում են համալսարան-գործատու կապերը: Բացի դրանից՝ գործատուն ցանկանում է բացահայտել ուսանողների ներուժը, մի շարք ուսանողներ հնարավորություն են ունենում անցնել աշխատանքի հենց տվյալ կազմակերպությունում:

«Դասընթացը ուսանողներին հնարավորություն տվեց զարգացնել մասնագիտական հմտությունները: Վկայականը կօգնի  ուսանողներին աշխատանք փնտրելիս, քանի որ այն հավաստում է, որ տվյալ անձը տիրապետում է  ժամանակակից հաշվապահական ծրագրերին: Ողջունելի է, որ շատ գործատուների կողմից մեր պատրաստած կադրերի նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է նկատվում»,- ամփոփեց դեկանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին