Ուսանողները՝ առողջ ապրելակերպի ջատագովներ. ֆլեշմոբ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1175

Մեզանից յուրաքանչյուրն, անկասկած գիտի, որ ծխելը վնասակար է առողջությանը: Այս մասին գրված է նույնիսկ ծխախոտի տուփերի վրա: Հանուն առողջ ապրելակերպի և ծխախոտից հրաժարվելու տարատեսակ ակցիաները  յուրատեսակ կոչ են մարդկությանը:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր  ՀՊՏՀ բակում կազմակերպվել էր ֆլեշմոբ, որի նպատակն էր առողջ ապրելակերպի քարոզումը: Նախաձեռնողները, ովքեր հիմնականում աղջիկներ էին, բակում արկղիկ էին տեղադրել, որի մեջ ուսանողները պետք է գցեին իրենց ծխախոտները և փոխարենը վերցնեին շոկոլադ: Ծխելու դեմ ակցիան ուսանողներն իրականացնում էին դասամիջոցներին: Նշենք, որ առավոտվանից բակում աշխուժություն էր տիրում, ոգևորությունը մեծ էր հատկապես երկար դասամիջոցին: Շատ տղաներ այսօր  իրենց ծխախոտները փոխարինեցին  շոկոլադի հետ. արդյունքում արկղում  շուտով հայտնվեցին ծխախոտի գլանակներ, նույնիսկ՝ տուփեր: Փաստորեն, այն ծխախոտները, որոնք ուսանողները պետք է ծխեին դասամիջոցներին, վնասելով  իրենց առողջությունը, ակցիայի  կազմակերպիչները կարողացան «հավաքել»՝ փոխարենն  առաջարկելով շոկոլադներ:

«Մեր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հաճախ է ծխախոտի, ծխելու դեմ  բազմապիսի միջոցառումներ  իրականացնում` կոչ անելով երիտասարդությանը «ո'չ ասել» ծխախոտին: Առաջիկա շաբաթը որոշել ենք նվիրել առողջ ապրելակերպի քարոզմանը և պատահական չէ, որ սկսել ենք հենց ծխելու դեմ պայքարով, քանի որ այն առողջությանը ամենամեծ վնաս հասցնող երևույթներից է»,- մեզ հետ զրույցում ասաց բնօգտագործման տնտեսագիտություն  մասնագիտությամբ սովորող 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Ստեփանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին