ՀՊՏՀ ներկայացուցիչները հյուրընկալվել են Կրակովի պետական տնտեսագիտական համալսարանում

Դիտումների քանակ՝ 2229

Մեր համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Նարեկ Կեսոյանը և տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի լաբորանտ Լիլիթ Ազարյանը հոկտեմբերի 16-20-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում եղել են Կրակովի պետական տնտեսագիտական համալսարանում (Լեհաստան): ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հյուրընկալել և զրուցել է նրանց հետ:

Նարեկ Կեսոյանը լեհական համալսարանում հանդես է եկել դասախոսություններով. մասնավորապես,  կառավարում մասնագիտության 3-4-րդ կուրսերում նա ներկայացրել է «Ռեգրեսիոն վերլուծություն և հիպոթեզների ստուգում» թեման, ապա տարբեր մասնագիտությունների ուսանողների համար բաց դաս է վարել՝ «Տնտեսամաթեմատիկական մեթոդներով ՀՀ արտաքին տնտեսական կապերի խորացման գնահատումը» թեմայով:

«Ուսանողները հետաքրքրված էին ռեգրեսիոն վերլուծության իրականացման մեթոդներով, նրանց համար նորություն էր E-views ծրագրային փաթեթով վերլուծությունները, քանի որ այնտեղ հիմնականում կիրառվում են Stata և R ծրագրերը: Մի շարք հարցադրումներ հնչեցին նաև բաց դասախոսության թեմայի շուրջ:  Պետք է ասել, որ Կրակովի պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծված են կրթական լավագույն պայմաններ, այնտեղ սովորում են տարբեր երկրներից եկած ուսանողներ: Բուհն ունի հյուրընկալ աշխատակազմ, բարի ավանդույթներ: Տպավորիչ էր թանգարանը, որն արտացոլում էր լեհական հնագույն համալսարաններից մեկի պատմությունը»,-ասաց Նարեկ Կեսոյանը և հավելեց, որ քննարկվել են նաև գիտական համագործակցության հնարավորությունները:

Վարչական աշխատակիցների վերապատրաստման շրջանակներում տվյալ համալսարան այցելած Լիլիթ Ազարյանը ևս տպավորված է: Մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպումներ է ունեցել Կրակովի տնտեսագիտական համալսարանի արտաքին կապերի բաժնի աշխատակիցների և ղեկավարի հետ, ծանոթացել է նրանց աշխատանքին, ապա շրջայց է կազմակերպվել, որի ընթացքում հյուրերին է ներկայացվել համալսարանը, ենթակառուցվածքները, կրթական և տեխնիկական հնարավորությունները: Լիլիթ Ազարյանը հանդիպել է նաև պրոֆեսոր Պյոտր Ստանեկի հետ, ինչը կարևոր է համարում իր մասնագիտական հետքրքրությունների համատեքստում: Նա ևս տպավորվել է համալսարանի թանգարանով, որտեղ ներկայացված են եղել ուսանողների ձեռքի աշխատանքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին