ՀՊՏՀ ուսանողներն Արցախում էին՝ «Ուսանողներն առաջնագծում» ծրագրով

Դիտումների քանակ՝ 1450

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհի ղեկավարության աջակցությամբ իրականացվել է «Ուսանողներն առաջնագծում» ծրագիրը.  հոկտեմբերի 25-26-ը 50 ՀՊՏՀ-ականներ, այդ թվում՝ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներ, եղել են Արցախում: Ծրագիրն իրականացվել է Ուսանողության միջազգային և Երիտասարդության համաշխարհային օրերի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը:

Այցի ընթացքում մեր պատվիրակները հյուրընկալվել են Արցախի կառավարությունում, հանդիպել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով ծանոթացրել է հայկական երկրորդ հանրապետության տնտեսական վիճակին, պատասխանել ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ-ականների հաջորդ կանգառը Ասկերանի զորամասն է եղել: Բանակային կյանքի առօրյային ծանոթանալուց հետո ուսանողները շարժվել են դեպի Մատաղիսի զորամաս, նվերներ հանձնել հրամանատարությանը, հանդես եկել մշակութային ծրագրով՝ զինվորների օրը դարձնելով տոնական ու հիշարժան: Այսպիսով երկօրյա այցն ամփոփվել է:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Հարությունյանն ասաց, որ միջոցառումն առաջին հերթին նպատակ ունի սերտացնելու բուհ-բանակ կապը, զորակցելու և քաջալերելու  առաջնագծի զինվորներին:

«Պետք է նաև նշել, որ ամեն ուսումնական տարում մի քանի այց ենք կազմակերպում դեպի Արցախ և նպատակը Հայաստան-Արցախ կապի ամրապնդումն է: Շատ ուսանողների համար մեր միջոցառումները հնարավորություն են առաջին անգամ Արցախում լինելու, այսինքն, այցերը նաև ճանաչողական են»,-ընդգծեց ուսանողական կառույցի ղեկավարը՝ նշելով, որ նման ծրագրերը շարունակական են լինելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին