Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի սեմինարի առանցքում երկրի լանդշաֆտային առանձնահատկություններն էին

Դիտումների քանակ՝ 2299

Հերթական ամբիոնային գիտական սեմինարն այսօր բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնինն էր՝ «Գյուղատնտեսական արտադրության հարմարվողական-լանդշաֆտային համակարգի արմատավորման հնարավորությունները ՀՀ-ում» խորագրով: Մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը,  ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Տնտեսագիտական  հետազոտություններ»  ծրագրի ավագ հետազոտող, ծրագրի  համակարգող, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը, աշխատակիցներ, ուսանողներ:

Ողջույնի խոսքում Գագիկ Վարդանյանն անդրադարձավ սեմինարների անցկացման նպատակին՝ ընդգծելով, որ ամբիոններից ակնկալվում է համախմբել համապատասխան կիրառական նշանակության առաջարկություններ, որոնք արժանի կլինեն Կառավարություն ներկայացնելուն:

Սուրեն Գևորգյանն իր ելույթում խոսեց բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի հետազոտած թեմաների շուրջ, որոնք են՝ «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի տնտեսական գնահատում և կառավարում», «Ընդերքօգտագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության էկոլոգիական անվտանգության ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Էկոլոգիական տուրիզմի արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում», «Այլընտրանքային երկրագործության զարգացման հեռանկարները ՀՀ-ում», «Էներգետիկայի և կլիմայի գլոբալ փոփոխության փոխկապվածությունը»,  «Գյուղատնտեսական արտադրության հարմարվողական-լանդշաֆտային համակարգի արմատավորման հնարավորությունները ՀՀ-ում»:

Վերջին թեմայի հետազոտողներից 3-ն այսօր զեկուցումներ կարդացին: Աշխարհագրական գիտությունների թեկնածու Վոլոդյա Մանասյանը ներկայացրեց լանդշտաֆտի դասակարգման մոտեցումները, ՀՀ լանդշտաֆտային համակարգի առանձնահատկությունները, բնակչության տարաբնակեցման հետ կապված խնդիրները:

Ասիստենտ Արմեն Ռուբենյանը, շարունակելով թեման, ԱՎԾ տվյալների հիման վրա դիտարկեց ՀՀ տարածական առանձնահատկությունները, քննարկեց լանդշտաֆտի իրավական կարգավորումների հետ կապված մի շարք հարցեր՝ եզրակացնելով, որ նոր օրենքի մշակման կարիք կա և ներկայացրեց առաջարկություններ: Արդյունքում հետազոտողներն ուրվագծեցին ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրության հարմարվողական-լանդշաֆտային համակարգի արմատավորման հնարավորությունները:

Վերջին զեկուցողը ասիստենտ Հրաչյա Սարգսյանն էր, ով ներկայացրեց հանգստի գոտիների համար նախատեսված հողերի գնահատում:

Սեմինարը բանավիճային էր, մասնավորապես լանդշտաֆտի ձևակերպման հետ կապված տեսակետներ ներկայացրին Վոլոդյա Մանասյանը և Արմեն Ռուբենյանը:

Քննարկման ընթացքում մի շարք հարցեր մեկնաբանեց ոլորտի գիտակ Սամվել Ավետիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին