Արտալսարանային ժամ՝ Մատենադարանում. հեղինակը ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնն է

Դիտումների քանակ՝ 2349

Արդյունավետ ուսուցման գործընթացում կարևոր դեր և նշանակություն ունեն նաև արտալսարանային դասընթացները. հենց այս գիտակցմամբ մեր համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարինե Նիկողոսյանի գլխավորությամբ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտացման մագիստրրատուրա առաջին կուրսի ուսանողներն օրերս  այցելել են Մատենադարան: Ինչպես մեզ հայտնեց Մարինե Նիկողոսյանը, այցը կազմակերպվել է «Սոցիալական մարքեթինգ» առարկայի շրջանակներում և նպատակ է ունեցել ուսանողներին ծանոթացնելու Մատենադարանի կողմից իրականացվող  մարքեթինգային գործունեության առանձնահատկություններին, ներսից  ծանոթանալ ոլորտի նրբություններին ու դժվարություններին՝ այս կերպ ավելի լավ ու համակողմանի պատկերացում կազմել մշակութային մարքեթինգի մասին:

Այցելության առաջին մասում ուսանողները շրջել են Մատենադարանի թանգարանային հատվածում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և դրանց պատմությանը, այնուհետև, չափազանց  հետաքրքիր հանդիպում-զրույց են ունեցել Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ, ով էլ ուսանողներին ծանոթացրել է կառույցի գործոնեությանը:

Վերջինս հպարտությամբ է նշել, որ Մատենադարանը Հայաստանի եզակի ինքնաբավ թանգարաններից է, որը, թեև մշտապես գտնվում է պետության հովանու տակ, այնուամենայնիվ, շնորհիվ մեծաթիվ այցելուների,  ի վիճակի է ինքնուրույն հոգալ իր հիմնական կարիքները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև  Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ և բոստոնաբնակ հայուհիների՝ Մարիա և Բեատրիս Ղրդյանների հովանավորությամբ ստեղծված  «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի գործունեությանը, որը  կառույցին հնարավորություն է տալիս իրականացնել մի շարք կարևոր գիտամշակութային և կրթական ծրագրեր, ինչպիսիք են երիտասարդ հետազոտողների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, «Փոքրիկ Ծաղկողներ» խմբակի օգնությամբ ծաղկելու արվեստը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու գործընթացը և այլն:

Հետաքրքրական զրույցին հաջորդել է ուսանողների հնչեցրած հարցերը և առաջարկությունները, որոնք ողջունվել են  տիկին Վարդի Քեշիշյանի կողմից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին