Փոփոխությունները մտնում են լսարաններ

Դիտումների քանակ՝ 922

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո շարունակվում են բարեփոխման քայլերը: «Փոփոխությունները մտնում են լսարաններ». կարելի է այսկերպ բնութագրել ՀՊՏՀ կողմից նախաձեռնվող հերթական ծրագիրը, որով սկսվում է լսարանների արդիականացումը՝ նոր, ժամանակակից տեխնիկայով և գույքով:

Ծրագրի մեկնարկը կտրվի մոտ ժամանակներս. յուրաքանչյուր ֆակուլտետում կստեղծվի մեկ նոր արդիական լսարան, իսկ հետագայում արդեն այս գործընթացը շարունակական կլինի:

«Նոր լսարանները կունենան թվային գրատախտակներ, որոնք փոխարինելու կգան կավիճով գրատախտակներին և ինտերակտիվ շփման լայն հնարավորություն կտան, կլինեն ուսանողների համար անհատական նստատեղեր ու շարժական սեղաններ, ինչը խմբային աշխատանք կատարելու հնարավորություն կտա: Սա կնպաստի, որ ուսումնառության գործընթացն ավելի ջերմ, հարմարավետ և նորաձև միջավայրում անցնի, ինչն էապես ազդում է գիտելիքների առավել արդյունավետ ընկալման վրա»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ներկայացնելով ծրագիրը՝ ասաց կարիերայի և մարքեթինգի կենտրոնի պետ Կարեն Բաբաջանյանը: Նրա համոզմամբ՝լսարանների այսպիսի արդի ձևավորումն ու կահավորումը բարձր նշաձող կսահմանի և օրինակ կդառնա լսարանների հետագա կահավորման, ձևավորման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին