ՀՊՏՀ ամենաերիտասարդ ֆակուլտետը դարձավ 2 տարեկան

Դիտումների քանակ՝ 904

Այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի երկրորդ  տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Ֆակուլտետի ուսանողական խորհուրդը նախապատրաստել էր մշակութային հագեցած ծրագիր. շնորհալի ուսանողները ներկայացրեցին պարային համարներ, սիրված երգեր, հումոր ու զվարճախոսություններ: Ֆակուլտետի ուսանողությանը, դասախոսներին ու աշխատակիցներին տեսաողջույն հղեցին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը և ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը: Նրանց բարեմաղթանքներում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ու նրա բոլոր ուսանողների ապագայի նորակերտ հաջողություններն էին ու բազում նորանոր տարեդարձերը:

Իրենց ծննդյան փոքր, բայց նշանակալից տարեդարձը ֆակուլտետի ուսանողները հիշարժան դարձրեցին` ֆակուլտետի լավագույն ուսանողներին հանձնելով պատվոգրեր տարբեր անվանակարգերում: Այսպես` տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արա Բաղդադյանը, լավագույն վոլեյբոլիստ` Արամ Անտոնյանը, լավագույն շախմատիստներ` Անի Բաղումյանն ու Հովհաննես Արզումանյանը, ամենասպորտային ուսանող` Դավիթ Աբրահամյանը, տարվա ինտելեկտուալ` Հայկ Մինասյանը, ամենաակտիվ 1-ին կուրսեցի` Վիգեն Հարությունյանը, լավագույն պարուհի և պարային համարներ բեմադարող` Ռուզաննա Գրիգորյանը, լավագույն շրջանավարտ` ֆակուլտետի գիտական ընկերության նախագահ Վիգեն Թարխանյանը:

Ուսանողներին իրենց ներկայությամբ ոգևորում էին ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, դասախոսներն ու աշխատակիցները, համալսարանի  մյուս ֆակուլտետների ուսանողները:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ևս տարեդարձի առիթով  շնորհավորում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետին, դեկան Աշոտ Մաթևոսյանին, մաղթում հաջողություններ ուսումնական գործընթացում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին