Կայացավ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի սեմինարը

Դիտումների քանակ՝ 2614

Շարունակվում են ամբիոնային սեմինարները, որտեղ իրեց հետազոտություններն են ներկայացնում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ասպիրանտները: Հերթական սեմինարն այսօր ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում էր, գիտական զեկուցումներով հանդես եկան տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասպիրանտ Լիլիթ Հակոբյանը և հայցորդ Մարինա Փոթիկյանը: Մասնակցում էին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարներ, ամբիոնի ներկայացուցիչներ, համալսարանի աշխատակիցներ, ասպիրանտներ:

Ներկաներին ողջունեց Աշոտ Թավադյանը և նշեց, որ ամեն տարի իրենց ամբիոնում գիտահետազոտական ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվում, հրատարակվում է շուրջ 30 հոդված, այդ թվում՝ միջազգային պարբերականներում: Նա ամփոփեց վերջին 5 տարիներին ամբիոնի գիտական աշխատանքը, հավելեց, որ շուտով ուսանողի սեղանին կլինի «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ» ուսումնական ձեռնարկը:

Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց «ՀՀ բնակչության եկամուտների բաշխման գնահատում» զեկուցումը, որը պատրաստել է «ՀՀ բնակչության եկամուտների բաշխման տնտեսամաթեմատիկական մոդելավորումը» թեմայի շրջանակում: Նա պարզաբանեց իր կիրառած մեթոդաբանությունը, գնահատում կատարելու համար ընտրված գործիքները: Շեշտելով, որ Հայաստանում անհավասարության մակարդակն աճման միտում ունի և եկամուտների բաշխման խիստ բևեռացվածություն կա՝ ասպիրանտը դիտարկեց բնակչության աղքատ և ոչ աղքատ խմբերը, ապա նշեց սոցիալ-տնտեսական այն գործոնները, որոնք պայմանավորում են այդ խմբերի միջև եղած ճեղքը:

Մարինա Փոթիկյանի զեկուցման թեման էր «Պահանջարկի անորոշության պայմաններում տնտեսամաթեմատիկական գնահատումը (ՀՀ նյութերով)»: Հայցորդը գնահատումն իրականացրեց տնտեսամաթեմատիկական 3 մոդելի միջոցով և ինչպես նշեց՝ հենց այդ մոդելներն են  հետազոտության գիտական նորույթը: Աշոտ Թավադյանը հավելեց, որ Մարինա Փոթիկյանի աշխատանքն առանձնանում է նրանով, որ հետազոտությունը կատարվել է  միկրոմակարդակում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին