Աշխատանքային հերթական հանդիպումը ESPAQ ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 2225

Հոկտեմբերի 9-13-ըՀՊՏՀ աշխատակիցները՝ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյանը, առաջատար մասնագետներ Մարիա Պետրոսյանը և Անի Բաղդասարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը և ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը Բրյուսելում մասնակցել են Եվրոպական Միության Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ, №544261-TEMPUS-1-2013-1-BE-TEMPUS-SMGR) ծրագրի աշխատանքային հանդիպմանը, որը հյուրընկալել էր Եվրոպական ուսանողական միությունը (ESU, Բելգիա)։

Այս մասին հայտնում են որակի ապահովման բաժնից՝ մանրամասնելով, որ աշխատանքային հանդիպման առաջին օրվա ընթացքում ծրագրի համակարգող Մաչերատայի համալսարանը (UNIMC, Իտալիա) ամփոփ կերպով ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու ծրագրի ձեռքբերումները։ Այնուհետև աշխատանքային փաթեթների պատասխանատու գործընկերները հանգամանորեն ներկայացրել են արդեն իսկ կատարված և նախատեսված հետագա գործողություններն ու քայլերը։ Մասնավորապես, «Շոտլանդիայում որակի ապահովման ուսանողական համագործակցություն» գործակալությունը (sparqs, Շոտլանդիա) ներկայացրել է աշխատանքային երրորդ փաթեթի շրջանակներում մշակված  «Որակի ապահովման» ուսանողական ձեռնարկի նախագիծը։

Աշխատանքային հինգերորդ փաթեթի («Որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ապահովման նպատակով ուսանողական միությունների կարողությունների զարգացում») շրջանակներում իրականցված աշխատանքներն ամփոփվել են Եվրոպական ուսանողական միության (ESU) և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ANSA) ներկայացուցիչների կողմից։ Սպիրու Հարեթի անվան համալսարանը (SHU, Ռումինիա) ներկայացրել է ծրագրի ամփոփիչ համաժողովի կազմակերպմանն ու արդյունքների իրազեկմանն առնչվող հիմնական հարցերը (աշխատանքային վեցերորդ փաթեթ)։ Աշխատանքային ութերորդ փաթեթը, որն ուղղված է ծրագրի արդյունքների կայունության ապահովմանը, նախատեսում է ուսանողների գերազանցության ազգային կենտրոնի ստեղծում։ Այս փաթեթի շրջանակներում ներկայացվել են սահմանված գործողությունների պլանը, գերազանցության ազգային կենտրոնի կառուցվածքը և մշակված փոխըմբռնման հուշագիրը՝ ձեռքբերված արդյունքների կայունության ապահովման նպատակով։

Առաջին օրվա ավարտին քննարկվել են նաև ծրագրի հետագա գործողությունները, ծրագրի ամփոփման համար պատրաստվող ֆինանսական և բովանդակային հաշվետվությունների ներկայացմանն առնչվող խնդիրները, պլանավորվել է ամփոփիչ համաժողովի անցկացման ձևաչափը, զեկուցումների թեմաները և պատասխանատուները։

Հանդիպման երկրորդ օրը «Որակի ապահովում և գնահատման պլան» աշխատանքային յոթերորդ փաթեթի շրջանակներում տեղի է ունեցել Խորհրդատվական խորհրդի նիստ ու ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստումներին, դասընթացներին և փոխանակման այցերին մասնակցած ուսանողների ֆոկուս-խումբ։

Ֆոկուս-խմբի արդյունքում ուսանողները և համալսարանների ներկայացուցիչները քննարկել են կրթական ծրագրերի բարելավմանը, որակի ապահովման գործընթացում ուսանողների մասնակցությանն ու իրազեկմանն առնչվող խնդիրները ու առաջարկել բարելավման ուղիներ։

Հիշեցնենք, որ ESPAQ-ը ՀՊՏՀ-ում համակարգում է որակի ապահովման բաժինը։ ESPAQ-ը   եռամյա ծրագիր է, որի նպատակն է ընդլայնել ուսանողների՝ որպես ներքին շահակիցների ներգրավումը Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում։ Ծրագրի մասին առավել մանրամասն՝ espaq.eu/en/:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին