ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում հյուրընկալվեցին Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները

Դիտումների քանակ՝ 1210

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում այսօր հյուրընկալվեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 105 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի աշակերտները:

«Վստահ եմ` ձեզ մեր ֆակուլտետ է բերել մեր բուհին ու ֆակուլտետին, մասնագիտություններին, ուսանողական առօրյային ծանոթանալու ցանկությունը: Հուսով եմ, որ այս այցելությունից հետո ձեզ համար շատ բան կպարզեք, և ձեզանից շատերին կտեսնենք  հենց այս լսարանի ուսանողական նստարանին նստած»,- ողջունելով աշակերտներին` ասաց ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը և ներկայացրեց տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Սարգսյանին:

«Ինքս էլ, երբ դպրոցական էի, մասնագիտական կողմնորոշման խնդիր ունեի: Այսօր հանդիպել ենք ձեզ հետ, որպեսզի օգնենք ճիշտ և սիրելի մասնագիտություն ընտրելու»,-կարևորելով նման հանդիպումների դերը` աշակերտներին դիմեց Վարդան Սարգսյանը: Վերջինս աշակերտներին ծանոթացնելով ՀՊՏՀ-ի, այստեղ գործող մասնագիտությունների ու մասնագիտացումների հետ՝ դասախոսութուն կարդաց տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես տնտեսագիտության ոլորտում և բիզնեսում դրանց կիրառության, դերի ու նշանակության մասին:  Ամբիոնի վարիչը խոսեց նաև մեր հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների  ու համակարգերի ներդրման ռազմավարության մասին:

«Անհաբերությամբ էինք սպասում այս հանդիպմանը: Որոշել էի դիմել ՀՊՏՀ` կառավարում մասնագիտությամբ, բայց  այս դասախոսությունից հետո  դեռ կմտածեմ. կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ դառնալը շատ գրավիչ է և խոստումնալից»,- շնորհակալություն հայտնելով այս միջոցառման կազմակերպիչներին` մեզ հետ զրույցում ասաց աշակերտուհի  Հռիփսիմե Փանոսյանը:

Դասախոսության ավարտից հետո աշակերտները դեկանի ուղեկցությամբ շրջեցին ֆակուլտետում, եղան համակարգչային սրահներում,  ուսումնական ստորաբաժանումներում, ծանոթացան այստեղ կատարվող աշխատանքներին:

 Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանի  պետական տնտեսագիտական համալսարանի և հենակետային ավագ  դպրոցների միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում` ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը այցելել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 105 ավագ դպրոց, որտեղ ձեռք էր բերվել աշակերտների` ֆակուլտետ այցելության նախնական պայմանավորվածություն:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին