ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում հյուրընկալվեցին Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտները
ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում այսօր հյուրընկալվեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 105 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի աշակերտները:
«Վստահ եմ` ձեզ մեր ֆակուլտետ է բերել մեր բուհին ու ֆակուլտետին, մասնագիտություններին, ուսանողական առօրյային ծանոթանալու ցանկությունը: Հուսով եմ, որ այս այցելությունից հետո ձեզ համար շատ բան կպարզեք, և ձեզանից շատերին կտեսնենք հենց այս լսարանի ուսանողական նստարանին նստած»,- ողջունելով աշակերտներին` ասաց ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը և ներկայացրեց տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Սարգսյանին:
«Ինքս էլ, երբ դպրոցական էի, մասնագիտական կողմնորոշման խնդիր ունեի: Այսօր հանդիպել ենք ձեզ հետ, որպեսզի օգնենք ճիշտ և սիրելի մասնագիտություն ընտրելու»,-կարևորելով նման հանդիպումների դերը` աշակերտներին դիմեց Վարդան Սարգսյանը: Վերջինս աշակերտներին ծանոթացնելով ՀՊՏՀ-ի, այստեղ գործող մասնագիտությունների ու մասնագիտացումների հետ՝ դասախոսութուն կարդաց տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես տնտեսագիտության ոլորտում և բիզնեսում դրանց կիրառության, դերի ու նշանակության մասին: Ամբիոնի վարիչը խոսեց նաև մեր հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ու համակարգերի ներդրման ռազմավարության մասին:
«Անհաբերությամբ էինք սպասում այս հանդիպմանը: Որոշել էի դիմել ՀՊՏՀ` կառավարում մասնագիտությամբ, բայց այս դասախոսությունից հետո դեռ կմտածեմ. կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ դառնալը շատ գրավիչ է և խոստումնալից»,- շնորհակալություն հայտնելով այս միջոցառման կազմակերպիչներին` մեզ հետ զրույցում ասաց աշակերտուհի Հռիփսիմե Փանոսյանը:
Դասախոսության ավարտից հետո աշակերտները դեկանի ուղեկցությամբ շրջեցին ֆակուլտետում, եղան համակարգչային սրահներում, ուսումնական ստորաբաժանումներում, ծանոթացան այստեղ կատարվող աշխատանքներին:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և հենակետային ավագ դպրոցների միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում` ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը այցելել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 105 ավագ դպրոց, որտեղ ձեռք էր բերվել աշակերտների` ֆակուլտետ այցելության նախնական պայմանավորվածություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին