Ակնհայտ է, որ դուք մեծ ջանքեր եք ներդնում համալսարանի զարգացման համար. ԳԴՀ դեսպանն այցելեց Տնտեսագիտական համալսարան

Դիտումների քանակ՝ 1627

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, որտեղ նրան հյուրընկալեցին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

ԳԴՀ դեսպանը նշեց, որ ինքն այցելել է Հայաստանի մի շարք համալսարաններ և ծանոթացել դրանց գործունեությանը, և ուրախ է, որ առիթ է ընձեռվել ծանոթանալու նաև Տնտեսագիտական համալսարանին: Դեսպանի խնդրանքով ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը համառոտ ներկայացրեց համալսարանի ստեղծման պատմությունը, գործունեությունը, մասնագիտությունները, վերջին տարիների բարեփոխումներն ու ձեռքբերումները՝ դրանց շարքում առանձնացնելով կրթության որակի բարելավմանը, հետազոտական աշխատանքների աշխուժացմանն ու միջազգային կապերի ընդլայնմանն ուղղված աշխատանքները:  Համալսարանի ղեկավարը ներկայացրեց նաև բուհում օտարերկրյա քաղաքացիների ուսուցմանը, շրջանավարտների կարիերային, առկա գրականությանը վերաբերող տեղեկություններ: Անդրադառնալով համալսարանում իրականացված բարեփոխումներին՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը շեշտեց, որ բոլոր աշխատանքները կատարվել են համալսարանի համեստ բյուջեի շրջանակներում:

Գագիկ Վարդանյանն ու Վարդ Ղուկասյանը ներկայացրեցին «Էրասմուս +» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ համագործակցությունն արտերկրյա բուհերի հետ:  Պրոռեկտորն անդրադարձավ նաև գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը միտված բուհի ղեկավարության ջանքերին՝ շեշտադրելով «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը, որտեղ հետազոտական աշխատանքների կատարմանը ներգրավում և վարձատրվում են նաև ուսանողները:

«Ես տպավորված եմ ձեր համալսարանից, ակնհայտ է, որ դուք մեծ ջանքեր եք ներդնում համալսարանի զարգացման համար ու նաև հետամուտ եք նոր գաղափարների իրագործմանը»,- նշեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:

Այնուհետև ՀՊՏՀ ղեկավարության ուղեկցությամբ դեսպանը շրջեց համալսարանում՝, եղավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, միջազգային ծրագրերի կենտրոնում, երեկ բացված QR գրադարանում: Հրաժեշտից առաջ դեսպանը շեշտեց, որ իր համար չափազանց հետաքրքիր էր ծանոթությունը Տնտեսագիտական համալսարանի հետ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին