Նոր հրատարակություններ՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից

Դիտումների քանակ՝ 1414

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը լույս է ընծայել «Տնտեսագիտական խնդիրների վիճակագրական վերլուծությունը SPSS փաթեթի գործադրմամբ» ուսումնամեթոդական ձեռնարկը և «Սոցիալ-տնտեսական ցուցանիշների գնահատումը Հայաստանում SPSS փաթեթի կիրառմամբ» հետազոտական աշխատանքը, որոնք հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի խորհուրդը:

Ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակներն են տ.գ.թ., դոցենտներ Սոս Խաչիկյանը, Արմեն Քթոյանը, Մանուկ Մովսիսյանը, Կարեն Հակոբյանը:

Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ձեռնարկում ներկայացվել են վիճակագրական վերլուծությունների վերաբերյալ արդիական մոտեցումներ՝ համահունչ տնտեսագիտական ոլորտի հետազոտություններին: SPSS փաթեթի գործադրմամբ տնտեսագիտական խնդիրների վերլուծության վերաբերյալ նյութերը պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին հնարավորություն կտան իրականացնելու մասնագիտական հետազոտություններ և լուծելու որոշակի խնդիրներ: Ձեռնարկը լույս  է ընծայվել ԱՄՆ խաղաղության կորպուս/Հայաստան և USAID (United States Agency for International Development) կազմակերպությունների աջակցությամբ:

«Սոցիալ-տնտեսական ցուցանիշների գնահատումը Հայաստանում SPSS փաթեթի կիրառմամբ» հետազոտական աշխատանքը կատարել են Եղեգնաձորի մասնաճյուղից՝  տ.գ.թ. Արփինե Հովակիմյանը, տ.գ.թ., դոցենտ Հայկ Հակոբյանը, դասախոս Աննա Սահրադյանը, ասպիրանտ Նարեկ Սարատիկյանը, պրակտիկանտ Մարիամ Խաչատրյանը, մի շարք ուսանողներ: Հետազոտությանը մասնակցել են նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ղեկավարը Սոս Խաչիկյանն է, հետազոտությունը ղեկավարել է Արմեն Քթոյանը, աջակցել է Խաղաղության կորպուսի կամավոր Բրայան Սալիբան: Ծրագիրն իրականացվել է Սոցիալ-տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի փորձագետների մասնակցությամբ:

Նոր հրատարակությունների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքի մասնաճյուղերի բաժնում. դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ goo.gl/g9KN7H:

Շնորհավորում ենք հեղինակներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին