«Էրասմուս+» ծրագրի առաջին մասնակիցը վերադարձել է

Դիտումների քանակ՝ 1473

2015-2016 ուսումնական տարվա ընթացիկ կիսամյակում ՀՊՏՀ մի շարք  ուսանողներ սովորելու են մեկնել արտերկրի առաջատար համալսարաններ: Այս հնարավորությունը նրանց ընձեռվել է Եվրոպական Միության «Էրասմուս+» ծրագրին մեր համալսարանի մասնակցության շնորհիվ: Բացի ուսանողներից, ծրագրի գործընկեր համալսարանների՝ Լեհաստանի, Ռումինիայի, Էստոնիայի, Հունաստանի և Բուլղարիայի բուհեր դասավանդելու են գործուղվում նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Գործընթացը համակարգում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից ծրագրի առաջին մասնակիցը՝ ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը, օրերս վերադարձել է Ռումինիայից: Հնգօրյա այցով՝ ապրիլի 11-16-ը, պրոֆեսորը գտնվել է Ռումինիայի Սուչավա քաղաքի Շտեֆան Չելմարեի համալսարանում, որտեղ տնտեսագիտական ֆակուլտետի տեղեկատվական համակարգեր մասնագիտության բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների համար ծրագրով նախատեսված ժամաքանակով «Տեղեկատվական համակարգեր» առարկայի շրջանակում դասախոսել է «Թվային ֆիրմայի կառավարում» թեմայով:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց պրոֆեսորը, նա հանդիպել է Շտեֆան Չելմարեի համալսարանում այս կիսամյակի ընթացքում ուսումնառող մեր համալսարանի ուսանողներին՝ Արթուր Կարապետյանին, Ռիմա Խառատյանին, Վահե Բարսեղյանին և Սաթենիկ Քալանթարյանին:

«Ուրախալի է, որ ոչ միայն իրենք էին գոհ կրթական նոր միջավայրում հարմարվելու և ինքնահաստատվելու իրենց ընձեռված հրաշալի հնարավորությունից, ուսումնառության ու կեցության պայմաններից, այլև դասավանդող դասախոսներն էին մեր սաների մասին խոսում գովեստով ու հիացմունքով», - ասաց Վարդան Սարգսյանը և հավելեց, որ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում նաև գործնական հանդիպումներ է ունեցել դասախոսների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ դասընթացների կազմակերպման, մասնագիտական կրթական, առարկայական ծրագրերի վերաբերյալ:

Պրոֆեսոր Վարդան Սարգսյանը մի քանի խոսքով անդրադարձավ նաև Սուչավա քաղաքին ու նրա պատմությանը, որը Մոլդովայի հայկական առաջին գաղթավայրերից է, հայկական գրչության և մշակույթի կենտրոն, որտեղ հայերը հաստատվել են 13-րդ դարից սկսած՝ գաղթելով Անիից, Ղրիմից և այլ վայրերից:

«Երեք հայկական եկեղեցի կա քաղաքում՝ Սուրբ Խաչը (1521 թ.), Հաճկատարը (1512 թ.) և Զամկան (1551 թ.), երկու գերեզմանատուն, կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է «Հայկական»: Սրանք վկայում են մեր ժողովրդի ստեղծարար ոգու, աշխատասիրության ու ամենուրեք մշակութային հետք թողնելու առաքելության մասին», - ասաց Վարդան Սարգսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին