Ժամանակակից զենքեր և զինատեսակներ թեմայով դաս՝ ուսանողների մատուցմամբ

Դիտումների քանակ՝ 2586

ՀՊՏՀ ֆինանսներ մասնագիտության 1-ին կուրսում այսօր «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր»  առարկայի դասը մատուցեցին ուսանողներ Մհեր Վարդանյանը և Արմեն Եղիազարյանը: «Զենքեր, որոնք օգտագործվում են մեր կողմից և մեր դեմ».  այսպես էին դասը վերնագրել ուսանողները:

Դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ  Վեներա Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասի թեման այժմ հրատապ է և ուսանողներին հետաքրքիր, ուստի ուսանող-տղաները ցանկություն հայտնեցին իրենց մատուցմամբ անդրադառնալ ժամանակակից զինատեսակներին:

Մհեր Վարդանյանը և Արմեն Եղիազարյանը մասնավորապես ներկայացրեցին Հայաստանի և Ադրբեջանի բանակների կողմից կիրառվող առավել ուժեղ զինատեսակները, դրանց ստեղծման պատմությանը, ազդեցությանը, հնարավորությունները և այլն: Տանկ Տ-90 Ս, «Хризантема-С», БМ-30 «Смерч»,ТОС-1 А «Солнцепёк»,«Իսկանդեր-M» ,Իգլա-Ս, անօդաչու թռչող սարքեր. սրանք այն հիմնական զինատեսակներն են, որոնց կիրառումը ծանր հետևանքներ է ունենում: Ուսանողները խոսեցին նշված սարքերի տեսակների, արտադրող երկրների, հզորության, խոցման տարածության մասին: Լուսապատկերի  միջոցով  ուսանողները ցուցադրեցին զինատեսակները:

«Սմերչ» զինատեսակն, օրինակ,  համարվում է այս պահի դրությամբ աշխարհի հզորագույն համազարկային հրթիռային համակարգը, արտադրվում է Ռուսաստանի կողմից, թանկարժեք զինատեսակ է, ունի խոցման մեծ տարածություն, կարող է խոցել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ: Ընդամենը 40 վայրկյանում արձակում է 12 կրակոց: Ունի թռիչքի կառավարման համակարգ։ Այսինքն՝ թիրախին չհասնելը կամ դրանից անցնելը բացառվում է։ Համակարգը նաև ավտոմատ կարգավորում է հրթիռի արագությունը։ 30մմ-անոց հրթիռները հաղթահարում են 90կմ հեռավորություն և անվրեպ խոցում թիրախը,  յուրաքանչյուր հրթիռ մինչև թիրախին հարվածելը բաժանվում է 500 ֆուգասային-բեկորային արկերի՝ խոցելով բավականին մեծ մակերես:

Տղաներն այսպես մանրամասն անդրադարձան վերոնշյալ յուրաքանչյուր զինատեսակին:

Դասի ավարտին նրանք պատասխանեցին ուսանողների հարցերին: Հետաքրքրական է, որ թեմայով հետաքրքրված էին ոչ միայն տղաները, այլև աղջիկները: Հիմնական հարցադրումները ներկայացրեցին հենց ուսանողուհիները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին