ՀՊՏՀ ռեկտորը համալսարանի կոլեկտիվի անունից շնորհավորական ուղերձ հանձնեց վաստակաշատ պրոֆեսոր Սուրիկ Սարգսյանին՝ 70-ամյա հոբելյանի առթիվ
ՀՊՏՀ պրոռեկտորները, դեկանները, ռեկտորատի մյուս անդամները ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ այսօր հյուրընկալեցին ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սուրիկ Սարգսյանին՝ շնորհավորելու նրա ծննդյան 70 և գիտամանկավարժական գործունեության 45-ամյա հոբելյանները: Ռեկտոր Կորյուն Աթոյանը համալսարանի ամբողջ կոլեկտիվի, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի, ուսանողների, արհկոմի անունից շնորհավորանքի խոսք հղեց հոբելյարին, շեշտադրեց նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքները, հնչեցրեց բարեմաղթանքի խոսքեր, մաղթեց, որ հոբելյարը հետագայում ևս շարունակի իր բեղմնավոր աշխատանքը համալսարանում, ապա հանձնեց խորհրդանշական հուշանվեր:
Վաստակաշատ պրոֆեսորը շնորհակալություն հայտնեց, ընդգծեց իր երկարամյա տարիների աշխատանքն ու փորձը մեր համալսարանում: «Երկար տարիներ աշխատում եմ այստեղ և ուրախ եմ, որ այս կոլեկտիվի, այս ամբիոնի, այսպիսի կոլեգաների հետ եմ աշխատում»,- նշեց նա:
Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորական ուղերձը:
ՀԱՐԳԵԼԻ ՍՈՒՐԻԿ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի ռեկտորատի, արհկոմիտեի, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի կոլեկտիվի, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70 և գիտամանկավարժական գործունեության 45-ամյակների առիթով:
Ծնվելով 1946 թ. ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում, ուսուցչի ընտանիքում՝ Դուք ժառանգել և զարգացրել եք Գավառ աշխարհում ապրող մարդկանց լավագույն հատկանիշներն ու բարոյական որակները:
1969 թ. ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի նորաբաց փիլիսոփայության բաժինը՝ անցել եք աշխատանքի ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, իսկ 1987 թվականից մինչ օրս աշխատում եք ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնում, դասավանդում «Փիլիսոփայություն», «Մշակութաբանություն և հայ մշակույթի պատմություն» դասընթացները և դրանց միջոցով ուսանողների միջավայրում սեր և լրջախոհ վերաբերմունք ձևավորում փիլիսոփայական հիմնախնդիրների, համաշխարհային և ազգային մշակույթի լավագույն նվաճումների նկատմամբ: Ուստի ուրախ ենք, որ Ձեր՝ որպես գիտնական-դասախոսի կայացումը տեղի ունեցավ հենց մեր բուհում:
Հայրենասիրության և բարոյականության դասեր են Ձեր դասախոսությունները, իսկ ընտանիքը Զեզ համար փոքր հայրենիք է, որտեղ ծնվել ու մեծացել են Ձեր հայրենասեր որդիները, ովքեր զենքը ձեռքներին պայքարել են Արցախի ազատության և մեր հայրենիքի անկախության համար:
Դուք այն մարդկանցից եք, ովքեր դեռևս վաղ տարիքից ապրել են իմաստավորված կյանքով՝ այդ իմաստի մեջ ամենամեծ բաժինը հատկացնելով հայրենիքին: Դրա վկայությունն է նաև այն, որ տակավին ուսանող Դուք բռնադատվեցիք խորհրդային իշխանությունների կողմից, ազատվելուց հետո շարունակեցիք պայքարել խոսքով ու գրչով:
Հարգարժան Սուրեն Սարգսյան, Դուք դասախոսական աշխատանքը միշտ համատեղել եք գիտականի հետ, ավելի ստույգ՝ դրանցից մեկը լրացրել մյուսով: Դրա վկայությունն այն է, որ Դուք այժմ փիլիսոփայական գիտությունների դոկտոր եք, պրոֆեսոր և Ձեր արժանի տեղն եք զբաղեցնում հայկական փիլիսոփայական հանրությունում, որպես դրա ապացույց՝ գիտական աստիճաններ շնորհող փիլիսոփայության և սոցիոլոգիայի մասնագիտական խորհրդի անդամ եք, հաճախ եք հանդես գալիս թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների առաջին ընդդիմախոս:
Որպես գիտնական՝ Ձեր հետաքրքրությունների շրջանակում եղել եք առաջինը կամ առաջիններից մեկը: Հայ փիլիսոփայության պատմության մեջ Դուք առաջինն եք զբաղվել մարդու հիմնախնդրով, որի ապացույցը Ձեր պաշտպանած ատենախոսություններն են և համապատասխան ծավալուն մենագրությունները: Առաջինն եք օգտագործել և շրջանառության մեջ դրել «էթնոպատմամշակույթ», «ազգային ազատագրական պայքարի հումանիզմ» մեթոդաբանական ըմբռնումները և այլն: Հայերենով գրված և հրատարակված մշակութաբանության առաջին ձեռնարկի հեղինակն եք և այդպես շարունակ: Դուք նաև բանաստեղծի սիրտ ունեք, որի վկայությունն են ընթերցողի սեղանին դրված բանաստեղծությունների երկու ծավալուն ժողովածուները:
Որպես մարդ, դասախոս և քաղաքացի՝ սկզբունքային եք, անաչառ, նաև գործնական հայրենասիրության և ազգասիրության օրինակելի ներկայացուցիչ:
Տարիքը Ձեզ վաստակ, ճանաչում բերեց: Դուք վաստակած գիտնական եք, դասախոս, ծնող, պապիկ: Ցանկանում ենք քաջառողջություն, աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ, շարունակական նվիրում Ձեր գործին և կոչմանը՝ որպես երջանկության գրավական:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին