ՀՊՏՀ գիտխորհրդի այսօրվա նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախի զոհերի

Դիտումների քանակ՝ 1484

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը՝ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, այսօրվա նիստն սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ և ի խոնարհում Արցախում այս օրերին զոհված զինվորների:

Նիստի օրակարգին անցնելուց առաջ  Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ռեկտորը նաև շնորհավորեց համալսարանի կանանց և աղջիկներին՝ մաղթելով առողջություն, մայրական երջանկություն, բարօրություն:  «Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ ցույց տվեցին, թե ինչպիսի բարձր առաքելությամբ են օժտված հայ մայրերը և ինչպիսի դերակատարություն ունեն մեր ժողովրդի, մեր պետության համար օրհասական պահերին»,- մասնավորապես ասաց Կորյուն Աթոյանը:

Օրակարգի առաջին հարցը՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման մասին,  զեկուցեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ շեշտելով, որ գործընթացը կազմակերպվում է ԿԳ նախարարի 2011թ. հոկտեմբերի 31-ի հրամանի համաձայն, հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև նախագահների ցանկը պատրաստ է, հաստատումից հետո կներկայացվի: Պրոռեկտորի խոսքով՝ գործընթացը կազմակերպվում է հիշյալ հրամանի պահանջներին համաձայն, սահմանված ժամկետներում:

Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր, մրցութային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գևորգյանը զեկուցեց ամբիոնների դոցենտների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներին: Հարցը դրվեց փակ գաղտնի քվեարկության, արդյունքները հաստատվեցին գիտխորհրդի բաց քվեարկությամբ:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը: Գիտական խորհուրդը հաստատեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, ինչպես նաև հրատարակության երաշխավորեց միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Հախվերդյանի և տնտեսագիտության թեկնածու դոցենտ Էրիկ Համբարձումյանի «Միջազգային կոորպորացիաներ» ուսումնական ձեռնարկը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին