Սերտացող համագործակցություն «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հետ. ապագա մարքեթոլոգները հմտանում են գործնական իրավիճակներում
ՀՊՏՀ-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» միջև վերջերս կնքված համագործակցության հուշագրով մեր ուսանողների համար կազմակերպվում են գործնական ուսումնական պարապմունքներ։
Այսօր մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսեցիների համար կազմակերպվեց առաջին ընդգրկուն աշխատաժողովը՝ «Ռազմավարական մարքեթինգ» խորագրով։ Բանախոսը և աշխատաժողովի ընթացավարը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» օպերացիոն մարքեթինգի և կոմերցիոն գերազանցության մենեջեր Եսայի Մելիք-Յոլչյանն էր: Ընկերության կողմից հյուր էր նաև կատեգորիաների զարգացման մենեջեր Նոնա Պապյանը։
Ողջունելով բուհի հետ խոստումնալից համագործակցությունը՝ Եսայի Մելիք-Յոլչյանը նշեց, որ ապագան ուսանողներինն է, որոնք վաղը առաջ են մղելու գործարար ոլորտը և հատկապես մարքեթոլոգներինը, որոնք մրցունակ մասնագետ դառնալու առավել մեծ հնարավորություն ունեն։
Աշխատաժողովը բաղկացած էր տեսական ու գործնական հատվածներից. առաջինում ուսանողներն ունկնդրեցին ամփոփ դասախոսություն, երկրորդում՝ գործնական խաղի ընթացքում աշխատեցին թիմերով՝ ստեղծագործաբար մշակելով պրոդուկտ ու առաջ մղելով այն շուկայում։
asue.am-ի հետ զրույցում մարքեթինգի ամբիոնի վարիչ Վարդիմ Գրիգորյանը նշեց, որ աշխարհահռչակ բրենդի հայաստանյան ներկայացուցչության հետ աշխատանքն արդյունավետ, ուսուցանող և հեռանկարային է. այն կարող է լավ հնարավորություն լինել մեր ուսանողների համար՝ հետագայում համալրելու ընկերության թիմը։ Նրա խոսքով՝ խոշոր բրենդերի հետ կրթական գործակցությունը շարունակական է, առջևում նոր նախաձեռնություններ են։
Օրվա ստեղծագործական մթնոլորտը՝ լուսանկարներում։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին