Առցանց թեմատիկ քննարկում Ժան Մոնե մոդուլի շրջանակում

22.12.2021
Դիտումների քանակ՝ 1328

«ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» Ժան Մոնե մոդուլի շրջանակում դեկտեմբերի 21-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ հերթական կլոր սեղանը՝ «ԵՄ ներդրումային փաթեթը Հայաստանի համար» թեմայով։

Առցանց քննարկմանը մասնակցում էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, պետական կառույցների ներկայացուցիչներ և ՀՊՏՀ ուսանողներ։

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ․գ․թ․, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Ալբերտ Հայրապետյանը ներկայացրեց կլոր սեղանի օրակարգը՝ կարևորելով թեմայի առանցքային ուղղությունները:

ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Զոյա Թադևոսյանը խոսեց ներդրումային դաշտի բարելավման մասին, կատարեց ընդգծումներ՝ մասնավորապես նախանշելով ԵՄ-ի ներդրումային փաթեթն առավել արդյունավետ իրացնելու ուղղություններ։ Նույն ամբիոնի դասախոս Տաթև Վարդանյանը խոսեց միգրացիայի և ներդրումային միջավայրի փոխազդեցության մասին։

Վարշավայի համալսարանի դոկտոր Անդրանիկ Մուրադյանն անդրադարձավ այն հիմնական պատճառներին, որոնք խոչընդոտում են եվրոպացիների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը։

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի փոխտնօրեն Համլետ Մկրտչյանն էլ ներկայացրեց եվրոպական և ռուսական ներդրումային հնարավոր ուղղությունները։

Քննարկմանը մասնակցում էր նաև «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Եվգենյա Հայրիյանը։ Վերջինս դիտարկեց, թե ինչպես կարելի է Արցախը ևս ներգրավել այս ծրագրում, և ինչ օգուտ այն կարող է քաղել ծրագրից։

«Կոմպաս» կենտրոնի տնօրեն Ղարիբ Հարությունյանը խոսեց ԵՄ-ի ներդրումային ծրագրերի մասին՝ տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից։

Մեզ հետ զրույցում, ամփոփելով կլոր սեղանի արդյունքները, Ալբերտ Հայրապետյանը նշեց, որ քննարկումը բավականին արդյունավետ էր, իսկ բանախոսների բազմաթիվ լուծումները կարող են կիրառվել այլ հետազոտական ծրագրերում նույնպես։

Եվս մեկ կլոր սեղան նախատեսված է անցկացնել հաջորդ կիսամյակում։