ՀՊՏՀ-ն իմ երազանքների բուհն է. Տնտեսագիտական մայր համալսարանը հյուրընկալեց հարյուրավոր դիմորդների` սկսելով մասնագիտական կողմնորոշման միջոցառումները

12.02.2021
Դիտումների քանակ՝ 1286

ՀՊՏՀ մի խումբ դիմորդների համար այս օրը անմոռանալի մի ակնթարթ էր իրենց նախընտրելի բուհի ջերմ պատերի ներքո: Այսօր կայացած «Բաց դռների օր ՀՊՏՀ-ում» իրադարձությունը համախմբել էր հայաստանյան մի շարք ավագ դպրոցների աշակերտների և քոլեջների ուսանողների: Բուհի մեծ հանդիսասրահում դիմորդներին ողջունեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը, աշխատակիցներ, ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը և ուսանողներ:

Դիանա Գալոյանն իր ելույթը սկսեց յուրահատուկ ողջույնով. «Եթե տնտեսագետ դառնալու որոշում ունեք՝ միակ ճիշտ ընտրությունը ՀՊՏՀ-ն է, իսկ եթե դեռ չեք կողմնորոշվել, ապա այսօրվա հանդիպման արդյունքում, վստահ եմ, կընտրեք ՀՊՏՀ-ն»:

Ռեկտորն ընդգծեց, որ մեր բուհում լսարանային կրթությունից զատ ոչ պակաս տեղ ունեն նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափում իրականացվող արտալսարանային հանդիպումները, որոնք ուսանողներին զինում են նաև գործնական գիտելիքով:

«Բակալավրիատում սովորող մեր ուսանողների 40 տոկոսը ներգրավված է աշխատանքային պրոցեսում, սա նշանակում է, որ բուհում տեսականին զուգահեռ՝ գործնական գիտելիք են ստանում»,-ասաց Դիանա Գալոյանը:

Ցուցադրվեց ՀՊՏՀ ֆակուլտետների, մասնագիտությունների, ուսանողական առօրյայի մասին պատմող ուշագրավ տեսահոլովակ: Կրթօջախի 6 ֆակուլտետների և 11 մասնագիտությունների, գործող զեղչերի մասին խոսեցին ֆակուլտետների ՈւԽ նախագահները: Էրազմուսականներ, ՀՊՏՀ առաջավոր ուսանողներ Հայկ Քալանթարյանն ու Խորեն Իսպիրյանը պատմեցին համալսարանի միջազգային համագործակցության շրջանակում արտերկրում ստացած իրենց կրթության մասին, դիմորդներին հորդորեցին լավ սովորել, տիրապետել օտար լեզվի և ակտիվ լինել:

Հագեցած տեղեկատվությունից հետո մտերմիկ մթնոլորտում դիմորդները մասնակից եղան խաղերի, վիրտուալ տուրի: Մրցանակներ ստացան «ՀՊՏՀ դիմորդ» ֆեյսբուքյան խմբում «Ինչո°ւ դառնալ ՀՊՏՀ ուսանող» մրցույթի հաղթող մեր 3 ուսանողները՝ Մարիամ Նիգոյանը, Թերեզա Վարդանյանը և Հայկ Գալստյանը:

Բաց դռների օրն ամփոփվեց հարցուպատասխանով և շրջայցով դեպի գրադարան, ՀՊՏՀ բակ: Ուսխորհրդականները երգ ու պարով ճանապարհեցին ապագա համալսարանականներին:

Հանդիպման ավարտին asue.am-ի հետ զրույցում Թալինի ավագ դպրոցի աշակերտ Ծաղիկ Մանվելյանը նշեց, որ առաջին անգամ չէ ՀՊՏՀ-ում, մարզամշակութային բաց միջոցառումներից մի քանիսին մասնակցել է, ամեն հնարավոր առիթով եկել է ՀՊՏՀ՝ իրեն հետաքրքրող համալսարանի մասին լավ պատկերացում կազմելու: Իսկ այսօրվա հանդիպմանը Ծաղիկն իրեն հատուկ ու սպասված հյուր է զգացել՝ հեռանալով հիանալի տպավորություններով:

Երևանի Ն. Աճեմյանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի սան Անահիտ Սահակյանը վստահ է՝ ՀՊՏՀ-ն հեղինակավոր բուհ է, որն ապահովում է որակյալ կրթություն:

«ՀՊՏՀ-ն իմ երազանքների բուհն է, այստեղ առաջին անգամ եմ գալիս և հեռանում եմ՝ կրկին վերադառնալու ակնկալիքով»,-ասաց Անահիտը:

Աշակերտներն ու քոլեջի ուսանողները ստացան ՀՊՏՀ տարբերանշաններով նոթատետրեր, որոնցում արտացոլված է նաև բուհի մասնագիտությունների և վարձավճարների մասին տեղեկություն:

Սիրելի՛ դիմորդներ, ինչպես իր ելույթում նշեց ռեկտոր Դիանա Գալոյանը, թող այս այցը ՀՊՏՀ-ի հետ ձեր ամուր կապի սկիզբը դառնա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին