ՀՊՏՀ պրոֆեսորը՝ ՀԲ Կրթության և ֆինանսական հաշվետվողականության մասնագետների համատեղ 9-րդ գիտաժողովի մասնակից

12.06.2024
Դիտումների քանակ՝ 675

2024 թ․ հունիսի 5-7-ը Ուլցինիում (Մոնտենեգրո) տեղի է ունեցել Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնի կողմից կազմակերպված Կրթության և ֆինանսական հաշվետվողականության մասնագետների համատեղ 9-րդ գիտաժողովը, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանը։

Գիտաժողովին հյուրընկալվել էին հաշվապահական հաշվառման հանրային և մասնավոր հատվածի, մասնագիտական և ակադեմիական համայնքների բարձր մակարդակի ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Հաշվապահների միջազգային դաշնության, ԵՄ և միջազգային այլ հաստատություններից։ Գիտաժողովին մասնակցություն են ցուցաբերել նաև Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի պատվիրակությունները։

Գիտաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները.

  • Հանրային ակտիվների կառավարման, հանրային ներդրումների կառավարման և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջև կապը,
  • Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի վերջին զարգացումները,
  • Ներքին և արտաքին աուդիտորների դերը հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումներին աջակցելու գործում,
  • Կայունության հաշվետվությունը հանրային ​​հատվածում:

Հայկ Մնացականյանի խոսքով՝ կարևոր է ընդգծել, որ միջազգային գիտաժողովին և փորձագետների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված գիտելիքը և փորձը անչափ կարևոր են հանրապետությունում հաշվապահական հաշվառման մասնագիտության զարգացման, ՀՊՏՀ ռազմավարության իրականացման, առաջադիմական գաղափարների արդյունավետ ներդրման ու կիրառման գործում։