ՀՊՏՀ-ում ավարտվեցին առկա ասպիրանտուրայի ընդունելության քննությունները

08.07.2021
Դիտումների քանակ՝ 1202

Հուլիսի 2-ին, 6-ին և 7-ին համալսարանում ընթացան ՀՊՏՀ առկա ասպիրանտուրայի (անվճար և վճարովի) ընդունելության քննությունները՝ 4 մասնագիտության գծով՝ տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, միջազգային տնտեսական հարաբերություններ, տնտեսության մաթեմատիկական մոդելավորում:

Հայտագրվել էր 15, իսկ քննությանը մասնակցեց 13 դիմորդ: Պատշաճ կազմակերպված և բնականոն գործընթացում դիմորդներին հնարավորություն տրվեց լավագույնս դրսևորել իրենց մասնագիտական գիտելիքները:

Ասպիրանտուրայի ընդունելության ամբողջ գործընթացը վերահսկում էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, մասնագիտական քննական հանձնաժողովները նախագահել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Աղաջանյանը, կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Խորեն Մխիթարյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը:

Մեզ հետ զրույցում ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը տեղեկացրեց, որ ընդունելության քննությունների արդյունքները կամփոփվեն և ՀՊՏՀ պաշտոնական կայքում կհրապարակվեն առաջիկա օրերին, ընդ որում՝ կներկայացվեն ինչպես ՀՊՏՀ առկա ասպիրանտուրա (անվճար և վճարովի) ընդունվածների, այնպես էլ հայցորդների անունները (հայցորդության ձևակերպման գործընթացն ավարտվել է հունիսի 30-ին)։

Հաջողություն ենք մաղթում գիտության բարդ, բայցև բերկրալի ուղին ընտրած բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին