Աշխատանքային այցով ՀՊՏՀ-ում էր Կրակովի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Թոմաս Բոբերը

25.06.2021
Դիտումների քանակ՝ 1234

Հունիսի 21-25-ը «Էրազմուս+» միջազգային ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում էր Կրակովի տնտեսագիտական համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Թոմաս Բոբերը։ Մեկշաբաթյա աշխատանքային այցի ընթացքում Բոբերը դասախոսել է ՀՊՏՀ-ում, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ու արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների հետ՝ փորձ փոխանակելով ու ձեռք բերելով միջբուհական համագործակցության ընդլայնմանն ուղղված պայմանավորվածություններ։

Հունիսի 21-ի դասախոսությունը «Էլեկտրոնային բիզնեսի պլանավորում» դասընթացի շրջանակում էր՝ «Էլեկտրոնային առևտուր» թեմայով։

Թոմաս Բոբերն անդրադարձ կատարեց ժամանակակից շուկայական հարաբերություններին, բիզնես-աշխարհում նորարարական մոտեցումների անհրաժեշտությանը, թվային մարքեթինգի զարգացման միտումներին և առցանց տիրույթում բիզնեսը ներկայացնելու առանձնահատկություններին։ Հանդիպումն ինտերակտիվ էր։

ՀՊՏՀ գիտական-հետազոտական գործունեությանը լեհաստանցի դասախոսը ծանոթացել է «Ամբերդում»։ Կենտրոնի ավագ հետազոտող Գայանե Թովմասյանը ներկայացրել է հետազոտական գործունեության ուղղությունները, ապա կենտրոնի հետազոտողների մասնակցությամբ քննարկվել են համատեղ աշխատանքի հեռանկարները։

Նոր համագործակցություն հաստատելու պատրաստակամությամբ է ամփոփվել նաև Բոբերի հանդիպումը դասախոսների հետ։ Մեր համալսարանի երիտասարդ գիտնականները ներկայացրել են իրենց գիտական հետաքրքրությունների շրջանակը, Թոմաս Բոբերը խոստացել է իր գործընկերներին ուղղորդել ՀՊՏՀ՝ համատեղ հոդվածներ հեղինակելու նպատակով։

Բոբերի հետ մասնագիտական քննարկում են ունեցել ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի մի խումբ դասախոսներ՝ խոսելով երկու համալսարանների ուսումնական ծրագրերի մասին։

Դասախոսներ Գրիշա Ամիրխանյանը և Հայկ Բեջանյանը Բոբերի հետ քննարկել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր։

Արտաքին կապերի դեպարտամենտում Թոմաս Բոբերը ծանոթացել է միջազգային ծրագրերում ՀՊՏՀ ընդգրկվածությանը, կարևորել երկու երկրների տնտեսագիտական համալսարանների գործակցության ամրապնդումը։

Ինչպես փոխանցում են մեր համալսարանի միջազգային կապերի բաժնի աշխատակիցները՝ Թոմաս Բոբերը Հայաստանից ու ՀՊՏՀ-ից հեռանում է ջերմ զգացողություններով ու բարձր կարծիքով, հետադարձ կապ պահպանելու, համագործակցելու և կրկին այցելելու մեծ ցանկությամբ։

Հ․Գ․ Լուսանկարները՝ տարբեր օրերի հանդիպումներից

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին