ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ուսանողներ, ողջունում եմ ձեզ և շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով՝ հավաստիացնում եմ, որ Տնտեսագիտական մայր համալսարանն ամենայն պատասխանատվությամբ ստանձնում է ձեզ որակյալ և 21-րդ դարի փոփոխվող պահանջներին համապատասխան կրթություն տալու առաքելությունը։
Գիտելիքն ու կրթությունը զորեղ ուժ են: Գիտելիքն ու կրթությունը անպարտելիության երկու հենասյուներն են:
Համոզված եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը ևս ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում մեր սիրելի համալսարանում գիտելիք, մասնագիտական բարձր հմտություններ, որակավորում ստանալու գործին, որի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Այսօրվանից սկսվում է ձե՛ր անձնական պատասխանատվության ժամանակաշրջանը:
Մեր բուհը տասնամյակներ շարունակ կերտել է բարի համբավ՝ կյանքի ուղեգիր տալով բարձրակարգ տնտեսագետների, գիտնականների։ Ուսումնական գործընթացն այստեղ զուգորդվում է գիտական, մշակութային, մարզական բազմաթիվ իրադարձություններով: Մեր բուհի գործունեության առանցքն ուսանողն է, և առկա ողջ ներուժը ծառայեցվում է ուսանողից փայլուն մասնագետ, ինքնահավստահ քաղաքացի կերտելու նպատակի իրացմանը: Վստահեցնում եմ՝ ձեր սպասելիքները լիովին կարդարացվեն, և ՀՊՏՀ-ն չորս, վեց, գուցե և ավելի տարիների ընթացքում ձեզ ևս կտա ինքնավստահության և կայացման ուղեգիր: Սակայն նշված նպատակի իրացման գործում հիմնական դերակատարը դո՛ւք եք: Դուք կարող եք դառնալ լավ մասնագետներ, լինել առաջինը և լավագույնը: Դա հնարավոր է, ես վստահ եմ:
Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ-ն մի մեծ և համերաշխ ընտանիք է, որտեղ մենք միասին իրագործելու ենք նորանոր իրատեսական ծրագրեր և կյանքի ենք կոչելու նոր նախաձեռնություններ:
Բարի գալուստ ՀՊՏՀ։
Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ