ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով

10.11.2022
Դիտումների քանակ՝ 1380

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, ՀՊՏՀ քոլեջի սովորողներ,

այսօր Երիտասարդության համաշխարհային օրն է, և ես անչափ հպարտ եմ, որ առիթ ունեմ ձեզ շնորհավորելու, իմ անսահման սերն ու հիացմունքն արտահայտելու, միաժամանակ փոխանցելու իմ և բուհի ղեկավարության ջերմ բարեմաղթանքները։

Այս տոնն ամփոփում է համայն աշխարհի երիտասարդության համերաշխության և համախմբվածության գաղափարը, և իմ մեծ ցանկությունն է, որ, լինելով նախաձեռնող ու համարձակ, ստեղծարար ու կառուցողական, դուք նաև միասնականություն դրսևորեք և մեր հայրենիքի կառուցման ու զարգացման գործում հանդես գաք որպես բռունցքված հզոր ուժ։

Նոր ժամանակներում նոր բարձունքներ նվաճելու, համազգային հաղթանակներ կերտելու համար մեզ անհրաժեշտ են և՛ հզոր անհատներ, որպիսիք ձեր շարքերում արդեն իսկ տեսնում եմ, և՛ հավաքական ներուժ, որը ևս բազմիցս ապացուցել եք։

Իմ թանկագի´ն երիտասարդ բարեկամներ, նոյեմբերի 17-ին նշվում է ձեզ նվիրված ևս մեկ տոն՝ Ուսանողների միջազգային օրը, ուստի ցանկանում եմ միավորել բոլոր մաղթանքները և ասել՝ եղե՛ք առողջ, ապրե՛ք խաղաղ ու անվտանգ երկրում և թո՛ղ երիտասարդական ավյունը, ուսանելու, կրթվելու ձգտումը մշտապես ուղեկցեն ձեզ։

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ