ՀՊՏՀ ներկայացուցիչները Վալենսիայի համալսարանում քննարկել են Միներվա ծրագրի իրականացման տեխնիկական և ծրագրային ապահովվածության խնդիրները
ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (Minerva)» ծրագրի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 5-8-ը ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, մեր բուհում «Միներվա» (Minerva) ծրագրի համակարգող, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի աշխատակից Դավիթ Խուրշուդյանը այցելել են Իսպանիայի Վալենսիայի համալսարան:
Եվգենյա Բազինյանը asue.am-ին ներկայացրեց այցի մանրամասները՝ նշելով, որ սույն այցը էական նշանակություն ուներ, քանի որ ծրագրի իրականացմանը վերաբերող գրեթե բոլոր հարցերի շուրջ տեղի են ունեցել առարկայական քննարկումներ:
Մեր գործընկերոջ խոսքով, «Միներվա» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ծրագրի գործընկեր բուհերում (ծրագրին մասնակցում են չորս հայկական բուհեր) ռեպոզիտարիայի (պահոց) ստեղծում, որի նպատակը բուհի գիտական գործունեության արդյունքները հասարակությանն ավելի հասանելի դարձնելն է: Պահոցը պետք է ներառի բուհի գիտական և գիտահետազոտական գործունեության բոլոր արդյունքները՝ թեզեր, հոդվածներ, գիտաժողովի նյութեր, ատենախոսություններ, գրքեր և այլն:
Միաժամանակ, ծրագրով նախատեսվում է նաև գրագողության դեմ պայքարի համակարգի ստեղծում (տվյալների բազա, ծրագրային ապահովվածություն, սպասարկող տեխնիկական ենթակառուցվածք), ինչպես նաև ակադեմիական բարեվարքության հայեցակարգի մշակում և ներդրում:
«Արժեքավոր էին Վալենսիայի համալսարանում կազմակերպված հանդիպումները՝ Բաց գիտության (Open Science) ենթակառուցվածքների զարգացման և եվրոպական HR4SR համակարգի ստանդարտների վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ բուհերի՝ վերջինիս անդամակցության գործընթացի նախապատրաստման խորհրդատվությունը: Ծանոթացանք Վալենսիայի համալսարանի պահոցի ստեղծման և գործարկման փորձին, մանրամասն քննարկեցինք պահոցի և գրագողության դեմ պայքարի տեխնիկական և ծրագրային ապահովվածության խնդիրները, ծրագրի իրականացման համատեքստում գրադարանային սպասարկման բարելավման, այս գործընթացներում ընդգրկված մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցերը», - ասաց Եվգենյա Բազինյանը:
Հիշեցնենք, որ «Միներվա»-ն Բաց գիտության հայեցակարգի շրջանակներում հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծման և հզորացման ծրագիր է, որը ենթադրում է նաև գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրում, հետազոտությունների բաց, մատչելի բազայի ստեղծում, ներդրում։ Ծրագիրն իրականացվում է Մոլդովայում և Հայաստանում, հայաստանյան մասնակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները։ Ծրագիրը համակարգում է Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիան:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին