Հետազոտական ծրագիր՝ ուղղված ՀՊՏՀ «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» կրթական ծրագրերի մրցունակության բարձրացմանը

15.03.2021
Դիտումների քանակ՝ 1766

Այսօր՝ մարտի 15-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը կնքել են դրամաշնորհի պայմանագիր։

Դրամաշնորհի պայմանագրով նախատեսվում է, որ հիմնադրամը ՀՊՏՀ-ին կտրամադրի 15 միլիոն դրամ՝ շուրջ 20 միլիոն դրամ արժեքով հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով։ Հետազոտական ծրագիրն իրականացվելու է բակալավրական «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն», ինչպես նաև «Տնտեսագիտության տեսություն», «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Տնտեսության պետական կարգավորում», «Մակրոտնտեսական վերլուծություն», «Հանրային ֆինանսներ», «Կորպորատիվ ֆինանսներ», «Բանկային գործունեության կազմակերպում» և «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրերի բարեփոխման նպատակով։ Հետազոտական ծրագիրը ներառում է ինչպես միջազգային բուհերի կրթական ծրագրերի համալիր վերլուծության, այնպես էլ ՀՀ աշխատաշուկայի և ծրագրի շահառուների պահանջմունքների վերլուծության, այնպես էլ կրթական ծրագրերի բարեփոխման և դրանք որակավորված կադրերով համալրման բաղադրիչներ։

Ինչպես նշեց ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, կրթական ծրագրերի բարեփոխման այս ծրագիրն առանցքային նշանակություն ունի ՀՊՏՀ-ի համար, այն իրականացնելու համար ընդգրկված են առաջատար մասնագետներ ՀՊՏՀ-ից, ՀՀ Կենտրոնական բանկից, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից և «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամից․ «Ընդ որում, առաջին անգամն է, որ բազմամասնագիտական խմբում արտաքին փորձագետները կազմելու են ծրագիրը մշակող խմբի մեծամասնությունը. մինչ այս ՀՊՏՀ-ն իր ծրագրերը մշակել և վերանայել է հիմնականում ներքին ռեսուրսների ներգրավմամբ»։ Արմեն Գրիգորյանը նշեց, որ հետազոտության արդյունքներով ոչ միայն վերանայվելու են կրթական ծրագրերը, այլև դրանց իրականացման պայմանները, ներառյալ դասավանդողների որակավորմանն ու հմտություններին ներկայացվող պահանջների սահմանումը, որակավորման բարձրացման և վերապատրաստումների ժամկետների և վերապատրաստողների հնարավոր շրջանակների նախանշումը և այլն՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի ավարտին ՀՊՏՀ-ն էապես կբարձրացնի իր մրցունակությունը «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների բնագավառներում բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող մյուս հաստատությունների համեմատ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին