Ապրանքային շուկաների ուսումնասիրությունը՝ ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցության շրջանակներում

15.03.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1448

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մարտի 12-ին հայտարարեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին:

аsue.am-ը նշված հետազոտության, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցության մասին զրուցեց ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանի հետ։ Պրոռեկտորը նշեց, որ հանձնաժողովի կողմից անցած տարի մեր համալսարանին առաջարկվել է իրականացնել ՀՀ ցորենի և ալյուրի շուկաների հետազոտություն։ Հետազոտությունը կատարվել է համատեղ՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և ՏՄՊՊՀ-ի կողմից։

Հետազոտության արդյունքները քննարկվել են ՀՊՏՀ փորձագիտական խորհրդում, որի ամփոփիչ նիստին մասնակցել են նաև հանձնաժողովի ներկայացուցիչները։ «Հետազոտությունն անդրադառնում է ՀՀ-ում ցորենի և ալյուրի շուկայում գների ձևավորմանը, դրանց փոփոխության պատճառներին, նշված շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կազմին, վերջիններիս շուկայական մասնաբաժիններին, շուկաների կենտրոնացվածության աստիճանին, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական դաշտին: Հետազոտության շրջանակներում ներկայացվել է նաև ցորենի միջազգային գնագոյացման մեխանիզմն ու վերջինիս վրա ազդող գործոնները: Իսկ Covid 19-ով պայմանավորված, համաշխարհային տնտեսության զարգացման տարբեր սցենարների պարագայում, իրականացվել է նաև ցորենի միջազգային գների կանխատեսում»,-մանրամասնեց Թաթուլ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն և ՏՄՊՊ հանձնաժողովը 2019 թ. նոյեմբերին համագործակցության հուշագիր են ստորագրել, և վերոնշյալ հետազոտությունն իրականացվել է այս համագործակցության շրջանակներում։

«Հանձնաժողովի հետ մեր գործընկերությունն արդյունավետ է և ենթադրում է շարունակականություն»,- ընդգծեց Թաթուլ Մկրտչյանը։

Հավելենք, որ առաջիկայում ուսումնասիրությունը կհրապարակվի ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին