Կյանքից հեռացել է Ռաֆայել Երվանդյանը

26.10.2021
Դիտումների քանակ՝ 926

Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, 82 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր սիրելի ավագ գործընկերը՝ ՀՊՏՀ «Տնտեսագետ» ամսագրի հիմնադիր և երկարամյա խմբագիր (1977–2004 թթ.), «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար (2004–2011 թթ.), Հայաստանի Հանրապետության լրագրողների միության, Լրագրողների միջազգային դաշնության անդամ Ռաֆայել Երվանդյանը:

Մեծ է Ռաֆայել Երվանդյանի ավանդը մեր համալսարանի կայացման և առաջընթացի մեջ: Նրա մարդկային հմայքին ու արժանիքներին, ստեղծագործական տաղանդին, բարությանն ու մարդասիրությանը շատ-շատերն են հաղորդակցվել: Ավա˜ղ՝ արդեն անցյալում:

Ռաֆայել Երվանդյանը ծնվել է Շիրակի մարզի Ղուկասյան (այժմ՝ Աշոցք) գյուղում։ Ավարտել է տեղի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, ծառայել է խորհրդային բանակի շարքերում, ապա ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։

Լրագրողական գործունեությունն սկսել է 1963–ից, աշխատել է շրջանային «Գարուն» թերթի խմբագրությունում՝ որպես Կուլտուր-կենցաղային և դպրոցական բաժնի վարիչ: Բուհական ուսումնառության տարիներին աշխատել է «Երևանի համալսարան» թերթի խմբագրությունում։ 1971-ին նշանակվել է «Երևանի համալսարան» գիտական հանդեսի պատասխանատու քարտուղար: 1977-ին տեղափոխվել է ԵրԺՏԻ (այժմ՝ ՀՊՏՀ), հիմնադրել «Տնտեսագետ» բուհական թերթը, որի անփոփոխ խմբագիրն է եղել մինչև 2004 թվականը: Նրա գործուն ջանքերով նույն թվականին հիմնադրվել է «Բանբեր ԵրՊՏԻ» գիտական հանդեսը, որի պատասխանատու քարտուղարն է եղել մինչև 2011 թվականը: Իսկ մինչև 2013 թ. ՀՊՏՀ «Տնտեսագետ» հրատարակչությունում աշխատել է որպես խմբագիր:

Սկսած 1988 թվականից՝ Ռ. Երվանդյանը ծավալել է նաև գիտամանկավարժական գործունեություն. «Հայոց լեզու և գրականություն» է դասավանդել Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, համատեղությամբ՝ Հայաստանի բաց համալսարանի լեզուների ամբիոնում:

Ռ. Երվանդյանը հեղինակ է մի շարք գրքերի («Լակտոնների քիմիայի նահապետը» (2005), «Մեր նոր դպրության աստեղային ժամը» ուսումնասիրությունը՝ նվիրված հայոց գրերի արարչության 1600–ամյակին (2006), «Վերածննդի դարաշրջանի հայելին/Արվեստաբանություն» խոհագրությունների ժողովածուն (2018), «Անանց հուշեր» և «Մեծերի մշտական ներկայությունը» (2019) հուշագրությունները, «Իմ Կոմիտասը» վերնագրով խոհագրությունը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, «Մերոնք» խորագրով պատմվածքների ժողովածուն) և մեծաթիվ գիտական, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների, ակնարկների։

Համալսարանի ղեկավարությունը և համակազմը սգում են հարգարժան Ռաֆայել Երվանդյանի մահը, ցավակցություն հայտնում նրա տիկնոջը՝ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ Զուխրա Երվանդյանին, հարազատներին:

Թող նրա հոգին ապրի խաղաղության ու լույսերի մեջ, հավերժի բոլոր ճանաչողների հիշողություններում: