Կյանքից հեռացել է պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանը

Դիտումների քանակ՝ 2909

Մեծ ցավով ու ափսոսանքով հայտնում ենք, որ մեր շարքերից հեռացել է մեծանուն աշխարհագետ, աշխարhագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Ավանեսի Մելքումյանը: Մեծ հայն ու հայրենասերը, անզուգական մտավորականն ու գիտնական-մանկավարժն իր մահկանացուն կնքեց կյանքի 89-րդ տարում` թողնելով սիրված դասախոսի բարի ու վսեմ անուն, հարուստ գիտական ու գրական ժառանգություն ու սերունդներին ավանդված կյանքի ճշմարիտ դասեր:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը խորին ցավակցություն է հայտնում Սերգեյ Մելքումյանի զավակներին` որդուն` ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանին և դստերը` ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության  ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Մելքումյանին, հարազատներին:

Սերգեյ Մելքումյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում և կլուսավորի գիտության ու կրթության ջահը վառ պահող ու հայրենասեր մարդկանց սրտերը, քանզի նրա անցած ճանապարհը մի յուրօրինակ կյանքի դպրոց է շատերի համար` ընդօրինակելի և ուսուցանող:

Սերգեյ Մելքումյանը ծնվել է 1931 թ. նոյեմբերի 10-ին` Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1951-ին գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, 1956-ին`Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի տնտեսական բաժինը։ 1956-1957թթ. աշխատել է ԳԱ երկրաբանության ինստիտուտում, 1957-1962թթ.՝ ԽՍՀՄ նավթարդյունաբերության Երևանի գործակալությունում, ապա Հայաստանի Ժողտնտխորհի համակարգում, 1962-1970 թթ.` Երևանի քարի ու սիլիկատների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։ 1970-1975 թթ. աշխատանքի է անցել ԵՊՀ-ում` դոցենտի պաշտոնում:

1975 թվականից աշխատում էր մեր համալսարանի  տնտեսական աշխարհագրության ամբիոնում, սկզբում` դոցենտի, այնուհետև` պրոֆեսորի, 1999 թվականից՝ ամբիոնի վարիչի պաշտոններում։

Նրա գիտական ժառանգությունն են կազմում  ավելի քան 400 գիտական աշխատանքներ, այդ թվում՝ ավելի քան 30 մենագրություններ, բուհական դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ։ Ս. Մելքումյանի գիտական հետազոտությունների շրջանակները լայն էին. բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսական գնահատման, դրանց խնայողաբար, նպատակային, համալիր օգտագործման, ՀՀ արտադրողական ուժերի տեղաբաշխման, հեռանկարային զարգացման, տնտեսական կապերի կատարելագործման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ու անկախության ամրապնդման հիմնահարցերը։ Ծանրակշիռ են նրա գիտական ուսումնասիրություններըը ՀՀ ազգային գլխավոր հարստության՝ բնական քարանյութերի խնայողաբար ու համալիր օգտագործման հիմնահարցերի բնագավառում. նա առաջինն է նախաձեռնել և գիտականորեն բազմակողմանի ուսումնասիրել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի կատարելագործման հիմնախնդիրները և որպես թեկնածուական ատենախոսություն պաշտպանել է 1964 թ., նաև առաջինն է ուսումնասիրել հանրապետության բնական քարանյութերի տնտեսական գնահատման և ռացիոնալ օգտագործման հիմնախնդիրները, մշակել դրանց նպատակային օգտագործման ուղիները, որոնք էլ ամփոփվել են «Հայաստանի բնական քարանյութերի համալիր օգտագործման հիմնախնդիրները» խորագրով դոկտորական ատենախոսության մեջ:

Ս. Մելքումյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ առաջին անգամ կազմվել են ԽՍՀՄ բնական քարանյութերի արդյունահանման և վերամշակման ձեռնարկությունների տեխնիկատնտեսական ցուցանիշների ժողովածուներ, որոնք բարձր են գնահատվել ԽՍՀՄ պետպլանի կողմից, արժանացել են մրցանակի։

Պրոֆեսոր Մելքումյանի գիտական հետազոտությունների մյուս բնագավառը Արցախի բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսական գնահատման, սոցիալ-տնտեսական զարգացման, անկախության ամրապնդման հիմնախնդիրների ուսումնասիրությունն է. հրատարակել է «Լեռնային Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» մենագրությունները, որոնք արժանացել է ԼՂՀ Կառավարության պետական, Եղիշեի անվան մրցանակի: Հայրենագիտական մեծ ներդրում է «Ճարտար» մենագրությունը։ Պրոֆեսոր Մելքումյանը մշտապես այցելում էր ԼՂՀ, կապված էր Արցախի պետական համալսարանի հետ։

Տնտեսագիտական և աշխարհագրական մասնագիտությունների գծով ուսանողությանը քաջ հայտնի են Մելքումյանի «Ընդհանուր տնտեսական աշխարհագրություն», «Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և սոցիալական աշխարհագրություն» բուհական դասագրքերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրություն» դպրոցական դասագիրքը։ Նա առաջինն է կազմել ԼՂՀ վարչական քարտեզը։

Արգասաբեր գիտամանկավարժական գործունեության համար Մելքումյանն արժանացել է ՀՊՏՀ ոսկե հուշամեդալի։  2011թ. պարգևատրվել է Արցախի հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

1995թ. ընտրվել է Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Նա նաև ակտիվ քաղաքական, հասարակական գործիչ էր. Ղարաբաղյան ազատագրական պայքարի սկզբից իր համախոհների հետ ստեղծել է «Արցախ-Հայաստան» կուսակցությունը` հայրենի Արցախին բազմակողմանի օգնություն ցուցաբերելու գործում։

ՀՊՏՀ ՌԵԿՏՈՐԱՏ