ՀՀ նախագահի մասնակցությամբ ՀՊՏՀ-ում կայացավ կլոր սեղան-քննարկում

12.05.2023
Դիտումների քանակ՝ 1109

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, հանրապետության տնտեսագիտական համայնքի անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՀՊՏՀ-ում կայացավ կլոր սեղան-քննարկում՝ «Աշխարհաքաղաքական առկա իրավիճակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» խորագրով։

Բացման խոսքում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ողջունելով երկրի նախագահին, փոխվարչապետին և բոլոր հյուրերին ու մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց իրենց ներկայությամբ միջոցառումը պատվելու համար և տեղեկացրեց, որ կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել է ՀՊՏՀ-ի և ASECU-ի համատեղ «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» խորագրով 19-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում։

«ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնն իրականացնում է արդիական թեմաներով հետազոտական ծրագրեր, կատարում ուսումնասիրություններ, որոնք բխում են հանրապետության տնտեսական հիմնախնդիրների լուծման հրամայականից։ Դրանցից երկուսն այսօր կներկայացվեն ձեր ուշադրությանը, և վստահ եմ՝ մեզ սպասվում է բովանդակալից և շահագրգիռ քննարկում»,- ասաց ռեկտոր Դիանա Գալոյանը՝ խոսքը փոխանցելով ՀՀ նախագահին։

Վահագն Խաչատուրյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար և, անդրադառնալով թեմային, ընդգծեց, որ աշխարհաքաղաքական գործընթացները վերջին տարիներին նոր իրողություններ են առաջ բերել, որոնց հասարակությունը, առավել ևս՝ տնտեսագիտական համայնքը պետք է արձագանքի։

Նախագահի խոսքով՝ խելամիտ մարտավարությամբ և ռազմավարությամբ պետք է լուծենք մեր առջև ծառացած խնդիրները, լուծումներով նոր խնդիրներ չստեղծենք, կարևորենք տնտեսական անկախությունը, երկրի տնտեսական գրավչությունն ու կայունությունը։ «Գլոբալացման թրենդից պետք է դուրս գալ և ինքնամփոփվել,-կարծում է ՀՀ նախագահը,- թեև քովիդից աշխարհը միասնական կերպով դուրս եկավ, բայց դրա տնտեսական հետևանքները ամեն երկիր ինքնուրույն է լուծում»։

Օրակարգում ընդգրկված էր 2 զեկուցում։ «Աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի վրա․ ռիսկեր և հեռանկարներ» թեմայով զեկուցեց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տ․գ․թ․, դոցենտ Էդգար Աղաբեկյանը, «Ռուս-ուկրաինական հակամարտությունը և ՀՀ արտաքին առևտուրը․ իրական թռի՞չք, թե՞ պատրանք» թեմայով՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տ․գ․թ․ Հայկ Բեջանյանը, որից հետո ծավալվեց մտքերի փոխանակում։ Բանախոսների ելույթներին, արծարծված հիմնախնդիրներին, հետազոտությունների մեթոդաբանությանը, եզրահանգումներին և առաջարկություններին հանգամանորեն անդրադարձան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դոցենտ Գևորգ Պապոյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ներսես Կարամանուկյանը, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի դոցենտ Ժորա Սարգսյանը։

Բարձր գնահատելով ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործունեության ուղղվածությունը, հետազոտողների կատարած աշխատանքը՝ ելույթ ունեցողներն ընդգծեցին քննարկվող հարցերի արդիականությունը, արժեքավոր դիտարկումներն ու կանխատեսումները։

Կլոր սեղան-քննարկման ավարտին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր գնահատեց կառուցողական և հետաքրքիր քննարկումը, «Ամբերդ»-ի հետազոտողներին հորդորեց հետազոտական աշխատանքով շարունակաբար աջակցել պետական քաղաքականության մշակմանը։

Ամփոփելով միջոցառումը՝ Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ կրկին շեշտելով, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և ՀՊՏՀ գիտնականներն իրենց ձեռքը պահում են տնտեսական զարգացումների և փոփոխությունների զարկերակին, պատրաստ են նորարարական գաղափարներով և վերլուծություններով աջակցել գերատեսչություններին և իրենց հերթին ակնկալում են այդ գերատեսչությունների ներգրավվածությունը Տնտեսագիտական համալսարանի գիտահետազոտական և ուսումնական ծրագրերում։