Կկարոտենք այս պայծառ արևը, հյուրընկալ համալսարանը, այս զարմանալի մարդկանց․ ռուս ուսանողուհիներն ավարտեցին ուսումնառությունը ՀՊՏՀ-ում
Անգելինա Լեբեդևան, Ալեքսանդրա Սավվինան և Եկատերինա Սադիլովան օրերս են ավարտել իրենց ուսումնառությունը ՀՊՏՀ-ում։ ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանի (Университет при Межпарламентской Ассамблее ЕВРАЗЭС) (Ռուսաստան) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ակտիվ համագործակցության արդյունքում հիշյալ համալսարանի բիզնես հաղորդակցությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհիները մեկ կիսամյակ Տնտեսագիտական մայր բուհում «Կառավարում» են ուսումնասիրել և Սանկտ Պետերբուրգ են վերադառնում Հայաստանի ու ՀՊՏՀ-ի մասին վառ ու անմոռաց տպավորություններով։
Անգելինան, Ալեքսանդրան և Եկատերինան 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման (անգլերենով) «Կառավարում (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի օտարերկրյա ուսանողների խմբում են ուսումնառել։ Պատմում են, որ արտերկրում սովորելու մասին վաղուց էին երազում, և երբ համալսարանական խմբերից մեկում կարդացին ուսանողների շարժունության ծրագրերի մասին, որոշեցին փորձել ուժերն ու․․․ ստացվեց։ Խոստովանում են՝ առաջին իսկ օրվանից ՀՊՏՀ-ում իրենց զգացել են՝ ինչպես հարազատ բուհում։ «Միջազգային կապերի բաժնի աշխատակիցները մեզ շատ ջերմ ընդունեցին, ծանոթացրին համալսարանին, ենթակառուցվածքներին։ Մարդիկ այստեղ անհավանական են: Մենք շատ ուրախ ենք այս հնարավորության, այս հրաշալի մարդկանց հանդիպելու համար։ Որևէ անհարմարություն չենք ունեցել այս ամիսների ընթացքում, ինչի համար շնորհակալ ենք բոլորին, ում հետ հանդիպեցրեց մեզ ճակատագիրը»,- ասում է Ալեքսանդրան։
Ուսումնառության ընթացքում լեզվական խնդիրների աղջիկները չեն բախվել․ բոլորի հետ ազատորեն շփվել են ռուսերենով, իսկ անգլերենով դասերն օգնել են բարելավել նրանց լեզվական հմտությունները։ Ուսումնական ծրագիրը, ռուս ուսանողուհիների գնահատմամբ, հետաքրքիր էր ու հագեցած։ Մեծագույն հաճույքով են հաճախել հատկապես հայոց պատմության ու հայոց լեզվի դասերին, հասցրել են հայերեն մի քանի արտահայտություն սովորել, նույնիսկ Թումանյանի քառյակներից անգիր անել։ Օտարերկրյա ուսանողներն ընկերացել են նաև հայ հասակակիցների հետ, ավագ ընկերներ էլ ունեն՝ դասախոսների շրջանում, որոնց պրոֆեսիոնալիզմն ու մեթոդներն անչափ բարձր են գնահատում։
Դասերից զատ, խմբակիցների հետ հասցրել են ծանոթանալ մայրաքաղաքին, լինել Գառնիում, Գեղարդում, Ծաղկաձորում ու Սևանում։ Ասում են՝ Երևանն աներևակայելի գեղեցիկ է, արևոտ և ուրախացնում է իր ջերմությամբ։
Հայաստանին ու ՀՊՏՀ-ին հաջողություն չեն ասում, որոշել են՝ շատ շուտով վերադառնալու են։ «Մենք հեռանում ենք Հայաստանից՝ միայն վերադառնալու հույսով։ Կկարոտենք այս պայծառ արևը, հյուրընկալ համալսարանը, այս զարմանալի մարդկանց։ Այնպես որ, ասում ենք ոչ թե հաջողություն, այլ՝ ցտեսություն»,- ասում է Անգելինան։