ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելությունը կմեկնարկի հունիսի 16-ին. կանոնակարգը հաստատվեց գիտխորհրդի հերթական նիստում

13.05.2021
Դիտումների քանակ՝ 1573

Այսօր՝ մայիսի 13-ին, տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ գիտական խորհրդի նախագահ, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի նախագահությամբ։ Բացելով նիստը՝ բուհի ղեկավարը գիտխորհրդի անդամներին հայտնեց, որ, ՀՊՏՀ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, գիտական խորհրդի կազմում ընդգրկվել են նոր անդամներ, շնորհավորեց նրանց և մաղթեց արդյունավետ գործունեություն։

Նիստի որոշումները հակիրճ ներկայացնում ենք ստորև:

  • Հաստատվեց ՀՊՏՀ գիտական խորհրդի կանոնակարգը, միաժամանակ ուժը կորցրած ճանաչվեց համալսարանի 2015 թ. սեպտեմբերի 30-ի նիստում հաստատված կանոնակարգը։
  • Հաստատվեցին ՀՊՏՀ գիտական խորհրդին կից ուսումնամեթոդական, մրցութային, հրատարակչական և գիտամեթոդական հանձնաժողովների նոր կազմերը։ Ինչպես նշեց ՀՊՏՀ ռեկտորը, հանձնաժողովների նոր կազմեր հաստատելու նպատակը հանձնաժողովներում գիտական խորհրդի ավելի մեծ թվով անդամներ ներգրավելն է։
  • Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ պրոֆեսորի գիտական կոչում շնորհեց ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.դ. Սերգեյ Սուքիասյանին, դոցենտի գիտական կոչում՝ ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Մխիթար Ասլանյանին, վիճակագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ռուզաննա Գևորգյանին, կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արմեն Կարախանյանին, ֆինանսական հաշվառման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գոհար Կոստանյանին։ Ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհավորեց գիտական կոչումներ ստացած գործընկերներին և հույս հայտնեց, որ նրանց գործունեությունը կնպաստի ՀՊՏՀ զարգացմանը։
  • Հաստատվեց ՀՊՏՀ ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունը, միաժամանակ ուժը կորցրած ճանաչվեց 2015 թ. սեպտեմբերի 30-ի նիստում հաստատված կանոնադրությունը։
  • Հաստատվեց ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգը, ըստ որի՝ ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելությունը կմեկնարկի հունիսի 16-ին։ Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար դիմորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց՝ 2021 թ. հունիսի 16-ից 30-ը ներառյալ։ Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար դիմորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց, 2 (երկու) փուլով. առաջին փուլ՝ 2021 թ. հունիսի 16-ից 30-ը ներառյալ, երկրորդ փուլ՝ 2021 թ. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ։ Առաջին փուլի դիմորդները շեմային քննությունը (բանավոր) կհանձնեն 2021 թ. հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն անդրադարձան գործընթացը պատշաճ կազմակերպելու խնդիրներին։
  • Փոփոխություններ կատարվեցին բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերում։
  • Հաստատվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, ինչպես նաև գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Հարությունյանի, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանի և դասախոս Քրիստինա Թորգոմյանի English for Accountants (հայերեն` «Անգլերեն հաշվապահների համար») ուսումնական ձեռնարկը և սույն ուսումնական ձեռնարկին կից, դասախոս Քրիստինա Թորգոմյանի English for Accountants: Teachers book (հայերեն՝ «Անգլերեն հաշվապահների համար. դասավանդողի գիրք») ուսումնամեթոդական ուղեցույցը, ինչպես նաև հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր, փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանի «Մշակութաբանություն» ուսումնական ձեռնարկը։ Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ սույն հարցերը նախապես քննարկվել և հաստատվել են գիտխորհրդին կից գիտամեթոդական և հրատարակչական հանձնաժողովներում։

Գիտխորհրդի նիստում ընդունված որոշումներն ու փաստաթղթերը հաստատումից հետո կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին