ՀՀ բանկային համակարգի հիմնախնդիրներին էր նվիրված «Ակբա բանկի» գլխավոր տնօրենի տեղակալի դասախոսությունը

13.05.2021
Դիտումների քանակ՝ 1280

Մասնագիտական թեմայով հերթական բաց դասն այսօր ՀՊՏՀ-ում վարեց հրավիրյալ դասախոս, «Ակբա բանկ» ԲԲԸ-ի վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նա նշեց, որ ՀՊՏՀ շրջանավարտ է, վերջին անգամ հարազատ բուհում եղել է 1995 թ.: Նորիկ Նազարյանը հակիրճ ներկայացրեց բանկային ոլորտում իր աշխատանքային 28-ամյա փորձը:

Դասախոսության թեման ընդգրկուն էր, դիտարկում էր ՀՀ բանկային համակարգի ներկա իրավիճակը, տնտեսության, մասնավորապես՝ բանկային համակարգի վրա համավարակի և պատերազմի հետևանքները, դրանց մեղմման նպատակով ՀՀ ԿԲ վարած քաղաքականությունը: Առանձին անդրադարձով Նորիկ Նազարյանը ներկայացրեց «Ակբա բանկի» առաքելությունը, տնտեսության մեջ դերակատարումը:

Դասախոսությունն ունկնդրում էին ֆինանսներ մասնագիտության ուսանողները, նաև շրջանավարտներ: Ներկա էին ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը, ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը։

Մեզ հետ զրույցում Տաթևիկ Վարդանյանը նշեց, որ բանկերի աշխատակիցների հետ համագործակցությունը շարունակական է, և գործնական դաշտի մասնագետների դասախոսությունները միտված են ամրապնդելու բուհում ստացած տեսական գիտելիքը:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին